Եգիպտոսում գործող «Սինայի վիլայեթ» ահաբեկչական խմբավորումը, որ համարվում է «Իսլամական պետության» եգիպտական ճյուղը, երեկ՝ հուլիսի 16-ին հայտարարել է, որ իրենք են պայթեցրել Եգիպտոսի սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության ուժերի նավը: Ահաբեկչական խմբավորումը հրապարակել է լուսանկարներ, որոնցում, հայտարարության համաձայն, պատկերված է նավի՝ հրթիռով խոցման պահը:

«Սինայի վիլայեթ» խմբավորման (ԻՊ՝ Եգիպտոսի ճյուղ) հրապարակած լուսանկարը, որում երևում է հրթիռի թռիչքը դեպի Եգիպտոսի սահմանապահների նավը
Հրապարակված երեք լուսանկարներում երևում է, հրթիռի թռիչքը, ինչից հետո նավի վրա պայթյուն է լինում, այնուհետ երևում է նավից բարձրացող ծուխը:
Եգիպտոսի ուժայինները նշել են, որ պայթյունի հետևանքով անձնակազմի կորուստներ չեն եղել, զինծառայողներից ոմանք այրվածքներ են ստացել, նշում է բրիտանական BBC լրատվակայքը:
Նույն ահաբեկչական խմբավորումը հուլիսի մեկին հարձակվել էր Եգիպոսի Սինայի թերակղզում տեղակայված սահմանակետերի վրա, որոնք գտնվում են Իսրայելի և Գազայի սահմանին:
Կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ զինյալները 15 առանձին հարձակում են գործել, որոնցից երկուսի ժամանակ զինյալները պայթուցիկներով լիցքավորված մեքենաներ են պայթեցրել Ալ-Արիշ և Շեյխ Զուվայդ քաղաքներում:
Եգիպտոսի կառավարական ուժերի հետ բախումների ժամանակ, ըստ պաշտոնական աղբյուրների, զոհվել է շուրջ 100 մարդ, այդ թվում՝ 17 զինծառայող: Զոհերի մեծ քանակի պատճառներից մեկը եղել է այն, որ շարունակվող բախումների պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողացել տարհանել վիրավորներին: Բացի այդ, բուն հարձակումներից առաջ զինյալներն ականապատել են ճանապարհները, որպեսզի թույլ չտան, դանդաղեցնեն կառավարական ուժերի համալրումը:
Պաշտոնական աղբյուրները հայտնել են նաև, որ հարձակվող զինյալները եղել են մոտ 70 հոգի, այլ աղբյուրների համաձայն՝ դրանց քանակը հասել է մինչև 300-ի: Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանցից մինչև 90 հոգի սպանվել է բախումների ժամանակ, ինչպես նաև Եգիպտոսի կառավարական ուժերի F-16 կործանիչների ավիահարվածների արդյունքում:
Ավելացնենք, որ Եգիպտոսը միակ տեղը չէ, որտեղ գործում է «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման մասնաճյուղ: Կազմակերպության հաջողություններից հետո աշխարհի շատ մասերում, հիմնականում՝ Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, շատ իսլամիստական կազմակերպություններ իրենց հավատարմություն են հայտնել «Իսլամական պետություն» կազմակերպությանը՝ դրանով դառնալով նրա մի մասը: ԻՊ ակտիվ մասնաճյուղեր գործում են մասնավորապես Եմենում, Լիբիայում, Աֆղանստանում և այլ երկրներում:
Pingback: Եգիպտոսում ոչնչացվել է ԻՊ եգիպտական ճյուղի 59 ահաբեկիչ | Ռազմ.info