Այսօր՝ հուլիսի 8-ին, Վրաստանում մեկնարկել է Agile Spirit 2015 բազմազգ զորավարժությունը, որին մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի և Լատվիայի զինված ուժերի զինծառայողները։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ԳՇ պետի տեղակալ, բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբայան, ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի 2-րդ դիվիզիայի 10-րդ գնդի հրամանատար, գնդապետ Քլիֆորդ Վայնշտեյնը (Clifford J. Weinstein) և բարձրաստիճան այլ անձիք։ Զորավարժությանը որպես դիտորդ մասնակցում են նաև Հայաստանի և Մոլդովային զինված ուժերի ներկայացուցիչները։
Զորավարժությանը վրաստանյան կողմից մասնակցում են ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 42-րդ գումարտակի զինծառայողները, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ ծովային հետևակի մոտ 220 զինծառայող։ Մասնակից մյուս երկրները ներկայացված են մեկական դասակներով։ Զորավարժության ընթացքին հետևում են ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչները։
Համաձայն ՆԱՏՕ-ի հաղորդագրության՝ զորավարժությունն անցկացվելու է խաղաղապահ առաքելության և աջակցող գործողությունների (Peacekeeping/Support Operations) սցենարով: Agile Spirit 2015 զորավարժության նպատակն է բարելավել փոխգործակցությունը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրների ռազմական մարտավարությանը։
Հարկ է նշել, որ դեռևս հունիսի 5-ին ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի հաղորդագրությունում մասնակիցների կազմը մի փոքր այլ էր՝ Լիտվայի և Լատվիայի փոխարեն նշված էր Թուրքիան։
Նկատենք, որ զորավարժությունն անցկացվում է 2014-ի Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի շրջանակներում։
Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվում են 2011 թվականից։ 2014-ի զորավարժությունն անցկացվել է հունիսի 14-ից 21-ը՝ Վազիանի զորավարժարանում։ Այդ ժամանակ ներգրավված էին ԱՄՆ ավելի քան 250 և վրաստանցի 550 զինծառայող։
Pingback: Մարգվելաշվիլին և Խիդաշելին ծանոթացել են Վրաստանում անցկացվող Agile Spirit զորավարժությանը | Ռազմ.info