Թունիսը մինչև այս տարվա վերջ Լիբիայի հետ սահմանին 160 կմ երկարությամբ պատ է կառուցելու՝ այդ երկրից ահաբեկիչների, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների մուտքը կանխարգելելու համար: Այս մասին հուլիսի 7-ին հայտարարել է երկրի վարչապետ Հաբիբ Էսսիդը, հայտնում է ամերիկյան Bloomberg News լրատվական գործակալությունը:
Թունիսի և Լիբիայի սահմանի երկարությունը 500 կմ է: Կառուցվող պատը հեշտացնելու է սահմանի միայն մեկ երրորդ մասի վերահսկողությունը, և ինչպես նշել է վարչապետ էսսիդը, պաշտպանությունը շատ դժվար է լինելու:
Պատի կառուցման պատճառներից մեկն այն է, որ անցած ամիս՝ հուիսի 26-ին, Թունիսի զբոսաշրջության կենտրոններից մեկում՝ Սոուս ծովափում, ահաբեկչի հարձակման արդյունքում զոհվել է 38-40 զբոսաշրջիկ, ևս 40-ը վիրավորվել են: Ահաբեկչական ևս մեկ դեպք գրանցվել է մարտին «Բարդո» թանգարանում, որի ժամանակ զոհվել է 22 քաղաքացի: «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության Լիբիայի մասնաճյուղն իր վրա է վերցրել երկու գործողությունների պատասխանատվությունը:
Նշենք, որ նույն ահաբեկչությունից հետո Մեծ Բրիտանիան որոշել է երկրի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկին՝ SAS-ին, թույլ տալ գործողություններ սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների ոչնչացման համար:
Հուլիսի 4-ին Թունիսում մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվել: Այս պատի կառուցումը իսլամիստ զինյալների դեմ ձեռնարկվող քայլերից մեկն է, որով փորձում են ապահովել զբոսաշրջության զարգացումը:
Հավելենք, որ շուրջ 4 տարի առաջ՝ 2011-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, ինչի արդյունքում գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին։ Վերջինս ղեկավարում էր Լիբիան ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս, ինչը փորձագետները պայմանավորում են հասարակության ցեղային կառուցվածքով, թույլ կենտրոնական իշխանությամբ և իսլամիստների ակտիվ գործունեությամբ։
Նշենք, որ չնայած Թունիսին հաջողվել է խույս տալ այն գործընթացներից, որոնք չորս տարի ընթանում են Սիրիայում, Եգիպտոսում և Լիբիայում, այնուամենայնիվ, 2011-ից՝ նախագահ Զին Էլ Աբիդին Բեն Ալիի իշխանության տապալումից հետո, հաճախ գրանցվող ահաբեկչական գործողությունները լրջորեն խոչընդոտում են երկրի տնտեսության զարգացմանը: