Օգոստոսին կփոխվի Թուրքիայի ԶՈւ հրամկազմը. թուրքական պարբերական

Թուրքիայի բարձրագույն զինվորական խորհրդի՝ օգոստոսի 3-ից 5-ը անցկացվելիք  նիստի ժամանակ, որը ղեկավարում է երկրի նախագահը, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև ռազմաօդային, ռազմածովային ուժերի և ժանդարմերիայի հրամանատարները պաշտոնաթող են արվելու։ Սպասվում է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ կնշանակվի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը։ Այս մասին հուլիսի 6-ին հայտնում է թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» պարբերականի կայքը։

Թուրքիայի բարձրագույն զինվորական խորհրդի անդամները

Թուրքիայի բարձրագույն զինվորական խորհրդի անդամները

Կայանալիք խորհրդի նիստից հետո Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն և ժանդարմերիայի պետ, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայը պետք է ուղարկվեն թոշակի։

Մասնավորապես ԶՈւ ԳՇ պետի, ՌՕու և ՌԾՈւ հրամանատարի պաշտոնավարման 4 տարին լրանում է։ Սակայն, եթե Օզելի 65-ամյակը լրանում է և նա չի կարող վերանշանակվել, ապա ՌՕՈւ և ՌԾՈւ հրամանատարները համապատասխանաբար 63 և 62 տարեկան են ու, ըստ օրենքի, կարող են պաշտոնավարել մինչև 65-ամյակը։ Ըստ երևույթին, նրանց թոշակի ուղարկելու հարցում կան նաև այլ հանգամանքներ, որոնք, սակայն, չեն հրապարակվում։

Հայտնի է, որ Օզելի փոխարեն Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվելու ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը։ Նշվում է, որ վերջինս պետք է պաշտոնավարի առաջիկա 4 տարիներին։ Սակայն հատկանշական է, որ Աքարը ծնվել է 1952-ին և նրա 65-ամյակը կլրանա 2 տարի անց, ինչի պատճառով կարող է պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ ուղարկվել թոշակի։ Միևնույն ժամանակ, օրենսդրությունը թույլ է տալիս նաև 65 տարին լրանալու դեպքում՝ պաշտոնավարման ժամկետի երկարաձգում՝ նախագահի հրամանագրով։

Պարբերականը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, Աքարի փոխարեն ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվելու առաջին բանակի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը։ Ռազմածովային ուժերի հրամանատար կարող է նշանակվել նավատորմի հրամանատարության պետ, փոխծովակալ Վեյսել Քյոսելեն, ՌՕՈւ հրամանատար՝ հարձակողական ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության պետ, բանակի գեներալ Աբիդին Ունալը։

Հավելենք, որ ժանդարմերիայի պետ, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայը ծնվել է 1949-ին և նրա  65-ամյակը լրացել է անցյալ տարի, այդ իսկ պատճառով նա ստիպված է անցնել թոշակի։ Վերջինիս փոխարեն սպասվում է Էգեյան զորաբանակի հրամանատար, բանակի գեներալ Գալիփ Մենդին, ում 65-ամյակը կլրանա մյուս տարի, ինչի պատճառով նա կարող է պաշտոնավարել միայն մեկ տարի։ Մյուս տարի Մեդինի փոխարեն ժանդարմերիայի պետի պաշտոնում կարող է նշանակվել ԶՈւ գլխավոր շտաբի 2-րդ հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուլերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *