Թուրքիայի ԶՈւ թվաքանակը նվազում է

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ անձնակազմը շուրջ 645138 մարդ է, ինչը մոտ 11 հազարով պակաս է հունիսին ներկայացված տվյալներից, և 42 հազարով՝ մայիսին հրապարակված ցուցանիշից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայի ԶՈւ անձնակազմը. 2015 մայիս-հունիս ամիսներին

Թուրքիայի ԶՈւ անձնակազմը. 2015 մայիս-հունիս ամիսներին

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 345 է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Սպաների ընդհանուր թիվը 39012 է, որից 32179-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6211-ը՝ ժանդարմերիայում, 622-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թվաքանակը նախորդ ամսվա համեմատ գրեթե չի փոփոխվել։

Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 95929 է, որից 69483-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 24953-ը՝ ժանդարմերիայում, 1483-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակը ևս նշանակալի փոփոխություններ չի կրել։

Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 22493 է, պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թիվը՝ 5338, որից 21-ը առափնյա անվտանգության ուժերում, իսկ 5317-ը՝ ցամաքային զորքերում։

Հատուկ պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 66051 է, որից 45316-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 20057-ը՝ ժանդարմերիայում, 678-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Նախորդ ամսվա համեմատ հատուկ պայմանագրային եֆրեյտորների թվաքանակն ավելացել է շուրջ 4000-ով։

Պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թիվը 363452 է, որից 260293-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 101002-ը՝ ժանդարմերիայում, 2157-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հունիսին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ պարտադիր զինծառայություն անցնողների թվաքանակն ընդհանուր առմամբ նվազել է շուրջ 15 հազարով։ Իրականում զինծառայողների թվաքանակը նվազել է միայն ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերում՝ ընդհանուր առմամբ շուրջ 22 հազարով, ժանդարմերիայում ավելացել է շուրջ 8 հազարով։

Վերջին երկու ամիսների ընթացքում պարտադիր զինծառայություն անցնողների թվաքանակի կտրուկ նվազումը հավանաբար կապված է «գումար ծառայության փոխարեն» օրենքի ներդրման հետ, ինչի շնորհիվ Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն ստացան սահմանված վճարման դիմաց ազատվել պարտադիր զինծառայությունից։

Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 52528 է, որից 48168-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3441-ը՝ ժանդարմերիայում, 919-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 645138 է, որից 461068-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 178189-ը՝ ժանդարմերիայում, 5881-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների թվաքանակը նվազել է շուրջ 22 հազարով, իսկ ժանդարմերիայում ավելացել է շուրջ 10 հազարով։ ԶՈւ ընդհանուր թվաքանակը նվազել է մոտ 11 հազարով (2015-հունիսի 1-ին ներկայացված տվյալներով Թուրքիայի ԶՈւ անձնակազմը 656687 էր)։

Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զորքի 39 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով է ծառայում զինծառայողների 37 տոկոսը, ժանդարմերիայում՝ 42 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 57 տոկոսը։

One response to “Թուրքիայի ԶՈւ թվաքանակը նվազում է

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *