Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015

Թուրքիան ԶՈւ ստորաբաժանումներ և զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին • ԱՄՆ-ն կողմ չէ, որ Թուրքիան ներխուժի Սիրիա • ՆԱՏՕ-ն Սև ծովում անցկացնում է նոր զորավարժություն, որին մասնկացում է նաև Թուրքիան • Թուրքիայի ԶՈւ զորավարժություններ Կարսում և Էրզրումում • Թուրքիայի ՌՕՈւ-ն ռմբակոծել է PKK-ի դիրքերը՝ ի պատասխան սեփական ռազմաբազայի վրա հարձակման • Թուրքիայի պաշտպանության նախարարն ընտրվել է խորհրդարանի նախագահ • Թուրքիայի ԶՈւ թվաքանակը նվազում է • Թուրքիայի զինված ուժերում երկու օրում 3 զինծառայող է մահացել

Թուրքիայի ԶՈւ-ն զրահամեքենաներ է ուղարկում Սիրիային սահմանամերձ շրջաններ

Թուրքիայի ԶՈւ-ն զրահամեքենաներ է ուղարկում Սիրիային սահմանամերձ շրջաններ

• Թուրքական օրաթերթերիմ մեկը հունիսի 28-ին հայտնել է, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նախապատրաստվում է 18000-անոց զորքով մտնել Սիրիա՝ Թուրքիայի հյուսիսային շրջանների անվտանգությունն ապահովելու համար։ Սիրիայի հետ սահմանակից շրջաններում զրահատեխնիկա կուտակելուց բացի, Թուրքիայի զինված ուժերը ստորաբաժանումներ և զինամթերք են կուտակում նաև Դիարբեքիրում: Զինված ուժերը նաև զրահամեքենաներ են կուտակում Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիայի հետ սահմանամերձ Ջարաբլուս քաղաքի դիմաց գտնվող  Գազիանթեփ նահանգում և Քիլիսում։ Մասնավորապես հայտնի է 32 միավոր տանկի տեղակայման մասին։ Հուլիսի 3-ին էլ Թուրքիայի զինված ուժերի՝ Թունջելիում տեղակայված կոմանդոսների (հատուն նշանակության ստորաբաժանում) 4-րդ բրիգադի մի գումարտակ ուղևորվել է թուրք-սիրիական սահմանագիծ։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ  Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների և զրահամեքենաների՝ Սիրիայի հետ սահմանին վերջին օրերին մեծ թվով կուտակումները ուղղված են Թուրքիայի սահմանների անվտանգության պահպանությանը, և ներկայում թուրքական կողմը չի նախատեսում ներխուժել Սիրիա։

• ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տեղեկություններ չունեն, թե ինչ նպատակով է Թուրքիան իր տանկերը մոտեցրել Սիրիայի սահմանին։ Եթե դա Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու նպատակով է, ապա ԱՄՆ-ն դեռևս այդ քայլը նպատակահարմար չի գտնում։

• Հուլիսի 3-ից 12-ը Սև ծովի արևմտյան հատվածում Բուլղարիայի ղեկավարությամբ և ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ռումինիայի, Հունաստանի ռազմածովային ուժերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ստորաբաժանաումների ներգրավվածությամբ կանցկացվի Breeze-15 զորավարժությունը։

• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հունիսի 18-ից 19-ը Էրզինջանում (Երզնկա), Կարսում և Էրզրումում անցկացրած երկու տարբեր զորավարժությունների ընթացքի մասին տարածել է լուսանկարներ և տեղեկություններ, ըստ որոնց՝ Երզնկայում տեղակայված 59-րդ հրետանային ուսումնական բրիգադն իրականացրել է հրետանային կրակով ուղեկցվող վարժանքներ, իսկ Կարսում տեղակայված 14-րդ մեքենայացված հետևակային բրիգադի և Էրզրումի 9-րդ բանակային կորպուսի տանկային գումարտակի անցկացրած զորավարժություններում իրականացվել են խոշոր տրամաչափի զենքերից արձակված կրակով ուղեկցվող վարժանքներ։

• Հունիսի 29-ի երեկոյան և հունիսի 30-ի առավոտյան ժամերին Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից հարձակում է կազմակերպվել Հաքյարում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 7-րդ սահմանապահ գնդի ռազմաբազայի վրա։ Դրան ի պատասխան, թուրքական կողմը ռմբակոծել է քրդերի դիրքերը։

• Թուրքիայի պաշտպանության արդեն նախկին նախարար, «Արդարություն և Զարգացում» կուսակցության Սվազի պատգամավոր Իսմեթ Յըլմազն ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ։

Թուրքիայի ԶՈւ անձնակազմը. 2015 մայիս-հունիս ամիսներին

Թուրքիայի ԶՈւ անձնակազմը. 2015 մայիս-հունիս ամիսներին

• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ անձնակազմը շուրջ 645138 մարդ է, ինչը մոտ 11 հազարով պակաս է հունիսին ներկայացված տվյալներից, և 42 հազարով՝ մայիսին հրապարակված ցուցանիշից։

• Հունիսի 30-ին Թուրքիայի զինված ուժերի երկու զինծառայող Հաքքարի նահանգում խեղդվել են գետում, իսկ հուլիսի 1-ին Սղերթում տեղակայված զորամասերից մեկում պահակային ծառայության ժամանակ սրտի կաթվածից մահացել է ևս մեկ զինծառայող։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

One response to “Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *