Հունիսի 25-ին Ալմաթայում հատուկ գործողության արդյուքում կանխվել է երկու ահաբեկչի՝ Սիրիայում կռվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու մտադրությունը. ահաբեկիչներից մեկը սպանվել է, մյուսը՝ ձերբակալվել:Այս մասին հունիսի 30-ին հայտնում է ռուսաստանյան Sputnik news լրատվակայքի ղազախստանյան մասնաճյուղը՝ հղում անելով Ղազախստանի քրեական ոստիկանության՝ ծայրահեղականության դեմ պայքարի վարչության պետ Էրկին Կալիևի՝ հունիսի 30-ին արած հայտարարությանը:
Ավելի վաղ Ալմաթայի ոստիկանությունը հայտնել էր, որ խուլիգանական հարձակումների մեջ կասկածվող այդ երկու ահաբեկիչները ոստիկանների ձեռնարկված գործողության ժամանակ լուրջ դիմադրություն են ցույց տվել՝ հրազենային զենքով կրակելով ոստիկանների ուղղությամբ: Այդ փոխհրաձգության ժամանակ էլ նրանցից մեկը սպանվել էր:
Վարչության պետը նշել է, որ Ղազախստանը, ինչպես մյուս միջինասիական երկրները, լուրջ խնդիրների առաջ է կանգնել հակաահաբեկչական պայքարի ոլորտում 2011-2012-ին, երբ շուրջ 12-13 ահաբեկչական դեպք գրանցվեց ու իրավապահ մարմինների 19 ծառայող զոհվեց, իսկ 16-ը վիրավորվեց: Այդ ընթացքում ոչնչացվեց նաև 67 ահաբեկիչ, իսկ ահաբեկչական խմբավորումների 199 անդամ ենթարկվեց քրեական պատասխանատվության:
Հիշեցնենք, որ այս տարի սեպտեմբերի 7-25-ը Ղազախստանում և Ռուսաստանում կանցկացվի ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունը, որը , միտված է անդամ պետությունների ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժերի համատեղ գործելու հմտությունների բարելավմանը, ինչը կնպաստի տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության ու ահաբեկչության դեմ համատեղ պայքարի խորացմանը և զարգացմանը։