Ռուսական նավերը մեկնում են Միջերկրական ծով և Ատլանտյան օվկիանոս

Թուրքական «Հուրիեթի» հաղորդմամբ՝ Ռուսական «Սմետլիվիյ» ռազմանավը հուլիսի 11-ի կեսօրին անցել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։

Թուրքական իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ ռուսական մի քանի ռազմական և օժանդակ նավեր, այդ թվում՝ «Նիկոլայ Ֆիլչենկով» և «Ցեզար Կունիկով» մեծ դեսանտային նավերը հուլիսի 10-ի առավոտյան Մարմարա ծովով անցել են Չանակկալեի նեղուցը և 2 ժամ 25 րոպե անց դուրս եկել Էգեյան ծով։ Ռուսական բոլոր ռազմանավերին ուղեկցել են թուրքական առափնյա պահականավերը։

Ռուսական մյուս նավատորմների մի քանի ռազմանավեր ևս դուրս են եկել իրենց բազաներից։ Այս տեղաշարժերի կապակցությամբ Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ Հյուսիսային, Բալթիկ և Սև ծովյան նավատորմների ռազմանավերն Ատլանտյան օվկիանոսում, Միջերկրական և Սև ծովերում ռազմավարժանքներ են անց կացնելու։

Ըստ թուրքական աղբյուրների՝ ԱՄՆ ԱԳՆ մամլո խոսնակ Պատրիկ Վենտրելը հայտարարել է, որ ռուսական ռազմանավի ժամանումը Սիրիայի Տարտուս նավահանգիստ ոչ մի խնդիր չի առաջացնում, քանի որ նրանով սպառազինություն չի տեղափոխվում։ «Մենք ունենք տեղեկություններ այն մասին, որ ռուսական ռազմանավի ժամանումը Տարտուս նպատակ ունի բլոկադայի դեպքում պահպանել ռուսական նավերի անվտանգությունը»,-հայտարարել է Վենտրելը՝ միաժամանակ հավելելով. «Մենք հույս ունենք, որ այս տեղեկությունը ճշմարիտ է, և ռուսական ռազմանավն այլ առաքելություն չունի, չնայած՝ եթե ռազմանավի ժամանումը Տարտուս այլ նպատակ ունենար, իրադրությունն այդ առիթով այլ կլիներ»։

Այն, որ ռուսական ռազմանավերի առջև ռուսական նավերի անվտանգության ապահովման խնդիրներ են դրվել, հաստատել է նաև ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պետի տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալնին։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ձիրկալինը մի շարք հակասական հայտարարություններ էր արել Սիրիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Նախ նա տեղեկացրել էր, որ Սիրիային «Յակ-130» ուսումնամարտական ինքնաթիռների առաքումը կկասեցվի, քանի դեռ այնտեղ իրավիճակը անկայուն է։ Միաժամանակ, հուլիսի 11-ին Ձիրկալինը հայտնել էր, որ Ռուսաստանը կկատարի Սիրիային ՀՕՊ համակարգերի և ուղղաթիռների մատակարարման մասին պայմանագիրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *