«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին դրդում է սպառազինությունների մրցավազքի», — «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Անտոնովը նշել է, որ իրենք հետևելու են ԱՄՆ-ի գործողություններին՝ հասկանալու համար, թե իրենց ինչ մարտահրավերներ են սպառնում և ադեկվատ պատասխան են տալու վերջինիս քայլերին:
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը սրանով պատասխանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղար Դեբորահ Ջեյմսի՝ Փարիզի օդային ցուցադրության ժամանակ արած հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանն ու ռուսաստանյան քաղաքականությունն ամենամեծ մարտահրավերն ու վտանգն են, որին այսօր առերեսվում է ԱՄՆ-ն, և հնարավոր է՝ այդ վտանգը չեզոքացնելու համար իրենք Արևելյան Եվրոպայում տեղակայեն 5-րդ սերնդի F-22 կործանիչների էսկադրիլիա: (Էսկադրիլիաներում ինքնաթիռների քանակը տատանվում է 12-24 միավորի սահմաններում):
Նշենք, որ ԱՄՆ-ն իր ռազմական ներկայությունը Եվրոպայում սկսել է ընդլայնել տարեսկզբից: Դեռևս փետրվարի 13-ին ԱՄՆ-ը երեք ամսով 300 օդաչուներով 12 միավոր A-10 կործանիչ է տեղակայել Ռումինիայում, իսկ մեկ ամիս անց ԱՄՆ ՌՕՈւ-ի 12 միավոր F-15C կործանիչ տեղակայվել է Նիդերլանդների Լիիուվարդեն քաղաքի ավիաբազայում:
Անդրադառնալով Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնմանը ՌԴ-ի գիտությունների ազգային ակադեմիայի՝ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Բատյուկը նշել է, որ ԱՄՆ-ի նման գործողությունները պարզապես արագացնում են ՌԴ-ի՝ 5-րդ սերնդի Տ-50 կորղանիչների ստեղծումը և հավելել, որ ցանկացած քայլ համարժեք արձագանք է ստնալու ՌԴ-ից: