Ռուսաստանյան «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը Բելառուսի պաշտպանության նախարարարության հետ ստորագրել է պայմանագիր, ըստ որի՝ բելառուսական կողմը 2016-2017 թթ. ստանալու է ռուսաստանյան արտադրության 12 միավոր Մի-8ՄՏՎ-5 բազմանպատակային բեռնատար ուղղաթիռ: Պայմանագիրը կնքվել է հունիսի 16-ին՝ Ռուսաստանում անցկացվող «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է «Ռոստեխ» պետական ռազմարդյունաբերական կոնցերնի մեջ մտնող «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի կայքը:
Հոլդինգի նախագահ Ալեքսեյ Միխեևը նշել է, որ Բելառուսը ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի կարևոր գործընկերներից է և հավելել, որ այս պայմանագրով Բելառուսին փոխանցվելիք ուղղաթիռները կբարձրացնեն դաշնակից երկրի պաշտպանունակությունը և կմեծացնեն ռազմական ներուժը:
Պայմանագիրն իրագործվելու է 2009-ի դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում, որով նախատեսվում է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնում: Նշենք, որ ուղղաթիռները Բելառուսի ՊՆ-ին տրվելու են նույն պայմաններով ու կահավորմամբ, ինչպես փոխանցվում են Ռուսաստանի զինված ուժերին:
Հիշեցնենք նաև, որ մինչև 2015-ի վերջ Բելառուսի ԶՈւ-ն Ռուսաստանից անվարձահատույց ստանալու է նաև 4 միավոր Ս-300 զենիթահրթիռային համակարգ:
Ավելացնենք, որ Մի-17Վ-5 (Մի-8ՄՏՎ-5) բեռնատար ուղղաթիռը բազմանպատակային է։ Կարող է կիրառվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական գործողությունների դեպքում։ Ուղղաթիռի անձնակազմը 3 հոգի է, դեսանտի քանակը կարող է լինել մինչև 24 մարդ։
Ուղղաթիռի զանգվածը շուրջ 7,5 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 13 տոննա։ 2000 ձիաուժանոց երկու շարժիչների օգնությամբ այն կարողանում է զարգացնել մինչև 250 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 6 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ շուրջ 590 կմ։
Նշենք, որ Մի-8/17 ընտանիքի ուղղաթիռներն աշխարհի մոտ 50 երկրների սպառազինության մեջ են։ Մեկ միավոր Մի-17Վ-5 ուղղաթիռի գինն է 14,75-17,5 մլն ԱՄՆ դոլար։