«Իսլամական կոնֆերանս կազմակերպության» (ԻԿԿ) անդամներն այսօր՝ հունիսի 15-ին, մեկնել են Սաուդյան Արաբիայի Ջեդդահ քաղաք, որտեղ կայանալու է կազմակերպության արտահերթ նիստ՝ նվիրված Եմենի քաղաքացիական ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությանը: Հունիսի 16-ին կայանալիք մեկօրյա կոնֆերանսին մասնակցելու համար Սաուդյան Արաբիա է մեկնել նաև Իրանի արտաքին գործերի նախարարի՝ արաբական և աֆրիկյան երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյան: Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:
Նշենք, որ նախատեսված էր կոնֆերանսը բացել հունիսի 15-ին ապստամբ հութիների և Եմենի վտարված կառավարության՝ Ժնևում կայանալիք խաղաղության բանակցություններից հետո, որոնք, սակայն, ձախողվեցին ու անհայտ ժամկետով հետաձգվեցին:
Պատճառն այն է, որ բանակցություններից ժամեր առաջ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել ներկայումս հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա մայարքաղաքում:
Ավելացնենք՝ սա Եմենում ավիահարվածներ սկսելուց ի վեր առաջին անգամն է, որ իրանցի որևէ պաշտոնյա մեկնում է Սաուդյան Արաբիա:
Հիշեցնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրել են երկրի նախագահին, գրավել երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվել են կառավարական ուժերի և ապստամբական հութիների միջև, ինչին միացել են նաև Ալ Քաիդայի ուժերը՝ որպես իշխանության ձգտող երրորդ ուժ:
Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Ու թեև մարտի 21-ին հայտարարվել է, թե «Վճռական փոթորիկ» օպերացիան ավարտված է, ավիահարվածները շարունակվում են մինչ օրս:
Հավելենք, որ ԻԿԿ-ն հիմնվել է 1969-ին Ռաբաթում: Կազմակերպությանն անդամակցում է 57 պետություն: Կանոնադրությունն ընդունվել է 1972-ին, այսինքն` Սառը պատերազմի տարիներին, երբ իսլամական աշխարհը երկփեղկված էր երկու մասի: Դեռևս այն ժամանակ ԻԿԿ կանոնադրության մեջ արտացոլվեցին արաբական իսլամական աշխարհի համար այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք էին Պաղեստինի և Երուսաղեմի խնդիրները, որոնք այսօր էլ շարունակում են օրակարգային մնալ: Կազմակերպության նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև իսլամական համերաշխությունը, նրանց միջև ամրագրել սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում համագործակցությունը, վերացնել ռասայական խտրականությունը և այլն: 1991-ից ԻԿԿ անդամ է նաև Ադրբեջանը:
2008-ից կազմակերպությունն արդիականացնելու խնդիր է դրել: