Եմենի հութիների հետ բանակցությունները հետաձգվել են անհայտ ժամկետով

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենի նախկին կառավարության և ապստամբ հութիների՝ Ժնևում մայիսի 15-ին կայանալիք բանակցություններից ժամեր առաջ՝ հունիսի 14 լույս 15-ի գիշերը, ռմբակոծել է երկրի մայրաքաղաք Սանան: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Եմենի իր աղբյուրներին:

Եմենի մայրաքաղաք Սանան՝ Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածներից հետո

Եմենի մայրաքաղաք Սանան՝ Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածներից հետո

Հարվածները հատկապես ուժգին են եղել քաղաքի հարավում և արևմուտքում ու նպատակաուղղված են եղել խոցելու հութիների և երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին հավատարիմ ուժերի դիրքերը:

Մինչ Եմենում իրադարձությունները նման ընթացք էին ստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Քի-մունն արդեն ժամանել էր Ժնև համակարգելու հութիների և Եմենի վտարված կառավարության բանակցությունները, որի նպատակն է հարթել Ենենի քաղաքացիական ճգնաժամը, որն այս տարվա մարտից մինչ օրս արդեն 2500 կյանք է խլել:

Նշենք, որ ի սկզբանե պարզ չի եղել՝ արդյոք կողմերը առերես բանակցելու են, թե՝ ոչ: Նախատեսված էր, որ ՄԱԿ-ի՝ Եմենում պատվիրակ Իսլաիլ Օուլդ Շեյխ Ահմեդն ապստամբներին և նախկին վտարված կառավարության անդամներին բանակցությունների սեղանի մոտ բերելու համար առանձին բանակցելու էր կողմերից յուրաքանչյուրի հետ:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Եմենի վտարված կառավարության պատվիրակությունն արդեն իսկ ժամանել է Ժնև, իսկ հութիների պատվիրակության՝ Անսարուլլահ խմբի ու Եմենի նախկին նախագահի՝ Սալեհի «Համընդհանուր ազգային կոգրես» կուսակցության ներկայացուցիչներն, ովքեր Ժնև մեկնելուց առաջ վայրէջք են կատարել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, եգիպտական կառավարությունից թույլտվություն չեն ստացել գիշերով թռչել Ժնև և այդպես էլ չեն հասել բանակցությունների քաղաք:

Պաշտոնական Կահիրեն այս քայլը դեռ չի մեկնաբանել, իսկ ՄԱԿ-ի խոսնակ Ահմադ Ֆավզին Ժնևից հայտարարել է, որ խնդիրը տեխնիկական է:

Դեռևս պարզ չէ նաև, թե հետաձգված բանակցությունները երբ կսկսվեն:

Հիշեցնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրել են երկրի նախագահին, գրավել երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվել են կառավարական ուժերի և ապստամբական հութիների միջև, ինչին միացել են նաև Ալ Քաիդայի ուժերը՝ որպես իշխանության ձգտող երրորդ ուժ:

Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Ու թեև մարտի 21-ին հայտարարվել է, թե «Վճռական փոթորիկ» օպերացիան ավարտված է, ավիահարվածները շարունակվում են մինչ օրս:

One response to “Եմենի հութիների հետ բանակցությունները հետաձգվել են անհայտ ժամկետով

  1. Pingback: Իրանը կմասնակցի Եմենի շուրջ «Իսլամական կոնֆերանսի» քննակումներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *