Հունիսի 6-ին ավարտվել են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
Զորավարժությունների ընթացքում զորամիավորումները ըստ իրենց նշանակության օպերացիոն ուղղությունների իրականացրել են պաշտպանական և հակահարձակողական օպերացիաների նախապատրաստում և վարում:
Բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտից հետո բարձր մակարդակով անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ:
Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել գերատեսչական կառույցների, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ փոխգործակցության աստիճանի ամրապնդմանը, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժություններին ներգրավված պաշտոնատար անձանց միջև համակողմանի ապահովումների կազմակերպմանը, զորամիավորումների, հրամանատարների և շտաբների գործնական ունակությունների ստուգմանը, ստորաբաժանումների միջև ներդաշնակման ու փոխգործակցության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաև՝ մարտական իրավիճակին առավելագույնս մոտեցված պայմաններին վարժվածության մակարդակի կատարելագործմանը:
Ավելացնենք, որ զորավարժությունները մեկնարկել էին դեռևս մայիսի 30-ին։