Սիրիայում սպանվել է հերթական պանկիսցին

Օրեր առաջ Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի ևս մեկ զինյալ։ Թեև նրա զոհվելու մասին հավելյալ տեղեկություններ չկան, բայց հայտնի է, որ նա Ախմետի շրջանի Պանկիսի կիրճից է: Այս մասին մայիսի 16-ին հայտնել է վրաստանյան Ռուսթավի-2 հեռուստաընկերության կայքը:

Խալացանին Ախմետի շրջանի գյուղերից է՝ Պանկիսիի կիրճում

Խալացանին Ախմետի շրջանի գյուղերից է՝ Պանկիսիի կիրճում

Աղբյուրը հայտնում է, որ սպանվածը 30-ամյա Գուրամ Ցատիաշվիլին է։ Վերջինս Պանկիսի կիրճի Ցինուբանի գյուղից է։ Ցատիաշվիլիի զոհվելու լուրը հաստատել է նաև Ախմետի շրջանի քաղաքապետարանը։

Հարկ է նշել, որ Գուրամ Ցատիաշվիլին Սիրիայում սպանված 12-րդ մարդն է, որ կռվել է «Իսլամական պետության» շարքերում։ Ընդ որում՝ Սիրիայի մարտերի ժամանակ սպանվել է 11 վրաստանցի՝ Պանկիսի կիրճից, և ևս մեկ զոհ եղել է Աջարիայից։

Սպանվել են՝ 24-ամյա Դավիդ Սվիակաուրին (2015թ), 18-ամյա Իսրաֆիլ Ցատիաշվիլին (2014թ), նրա եղբայր 21-ամյա Ջաբրայիլ Ցատիաշվիլին (2014թ), 22-ամյա Գուրամ Գումաշվիլին (2014թ), 18-ամյա Բեսո Կուշտանաշվիլին (2014թ), 36-ամյա Ռուսլան Մաչալիկաշվիլին (2014թ), 24-ամյա Խալիդ Աչիաշվիլին (2013թ), 26-ամյա Խամզաթ Աչիշվիլին (2013թ),  23-ամյա Ռուստամ Գելաևը և Աբդուլ-Մալիկ Մուտոշվիլին։

Հատկանշական է, որ այս զինյալներից միայն Գելաևի մասունքներն են տեղափոխվել Վրաստան՝ հուղարկավորության համար։

Նշենք նաև, որ մայիսի 5-ին ԱՄՆ Պետդեպը 5 մլն ԱՄՆ դոլար է խոստացել «Իսլամական պետություն» զինված խմբավորման դաշտային 4 հրամանատարից մեկի՝ վրաստանցի Թարխան Բատիրաշվիլիի մասին տեղեկատվության համար։ Մինչ այդ՝ 2014թ. սեպտեմբերի 24-ին, ԱՄՆ-ն նրան ներառել էր ԻՊ-ի հետ կապ ունեցող ամենավտանգավոր 11 ահաբեկիչների ցանկում։ Բատիրաշվիլին Վրաստանի քաղաքացի է, ծնունդով Պանկիսի կիրճից (այստեղ ապրում են իսլամ դավանող չեչեններ՝ քիստեր)։ Ավելի հայտնի է Ումար ալ Շիշանի (Շիշանին արաբերեն Չեչնիան է) անունով։ Շրջանառվում է, որ հենց նրա հրամանատարությամբ կռվելու համար էլ վրաստանցիները մեկնում են Սիրիա։

Թարխան Բատիրաշվիլին

Թարխան Բատիրաշվիլին

Հիշեցնենք նաև, որ երբ 2014 թվականի դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ Սիրիայում սպանված ևս մեկ վրաստանցու մասին, Վրաստանի խորհրդարանը որոշեց օրենքի նախագիծ մշակել, որով պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն քաղաքացիները, ովքեր օտար երկրներում կմասնակցեն զինված հակամարտություններին։ Սկզբնական շրջանում օրենքի նախագծով պատժվելու էին նաև Ուկրաինայում կռվող վրաստանցիները, սակայն որոշ ժամանակ անց ՆԳն-ն հայտարարեց, որ օրենքը չի տարածվի Ուկրաինայի կառավարական զորքերում կռվող վրաստանցիների վրա։

Թեև Վրաստանի կառավարությունը փորձում է օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել Սիրիա մեկնողներին, սակայն վերջերս թե´ Վրաստանի վարչապետը, թե´ ներքին գործերի նախարարը հայտնեցին, որ ԻՊ-ն բոլորի համար խնդիր է, ու ԻՊ-ի շարքերում կռվել գնացողներն իրենց վերահսկողությունից դուրս են։

Տեղեկացնենք նաև, որ Վրաստանի Ախմետի շրջանը հյուսիսից սահմանակից է Չեչնիային, իսկ արևելքից՝ Դաղստանին։ Դեռևս 1990-ականներին չեչենական առաջին պատերազմի ժամանակ Պանկիսիում թաքնվեցին հարյուրավոր չեչեններ, նույն պատմությունը կրկնվեց նաև չեչենական երկրորդ պատերազմի ժամանակ 2000-ական թվականներին։ Սակայն այդ ընթացքում խաղաղ բնակիչների անվան տակ Պանկիսիում թաքնվում էին նաև զինված խմբավորման ներկայացուցիչներ։ 2004 թվականին Վրաստանի հատուկ նշանակության ջոկատայիններն ու Ռուսաստանի ԱԴԾ-ն համատեղ գործողությամբ «մաքրել» էին Պանկիսին զինված խմբավորումներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *