Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցել են ազատամարտիկներ, զինծառայողների ընտանիքների անդամներ, զոհվածների հարազատներ, որոնց՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը վերաբերել են հիմնականում սոցիալական, ֆինանսական ու իրավական ոլորտներին: Այս մաին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին և նրանց դիմումներին, լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարեց քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:
Քաղաքացիների ընդունելությանը մասնակցում էր նաև հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական իսնտիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը, ով պաշտպանության նախարարի մոտ էր եկել դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Ընդունելության ավարտին Արկադի Բարսեղյանը համոզմունք է հայտնել, որ որդու սպանությանն առնչվող որևէ մեկն անպատիժ չի մնալու: