Այսօր՝ ապրիլի 3-ին, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումների կատարելագործման ուղիների, կատարված աշխատանքներին, խնդրահարույց հարցերին ու առաջիկա անելիքներին նվիրված խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Խորհրդակցությունը բացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով նշել է ՀՕՊ զորքերի կարևոր դերակատարումը բանակի մարտունակության ապահովման գործում։
Խորհրդակցության ընթացքում ՀՕՊ համակարգի ներկայիս վիճակի, 2014թ. մարտի 1-ից մինչ այս տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, օդաչուական անձնակազմի մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրերի մասին զեկույցներով հանդես են եկել ԶՈւ մի շարք վարչությունների պետեր ու զորամասերի հրամանատարներ:
Զեկուցողներն անդրադարձել են մարտական հերթապահության, ենթակա ստորաբաժանումներում մարտական խնդիրների կատարման ու զորահավաքային պատրաստականության, անձնակազմի թռիչքային, պարաշյուտադեսանտային, ինժեներատեխնիկական պատրաստության, ռազմաավիացիոն տեխնիկայի շահագործման ու պահպանման հարցերին։
Ամփոփիչ զեկույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի՝ ավիացիայի, ՀՕՊ և ՌԷՊ գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 29 մարտի – 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info