Ապրիլի 3-ին ՀՀ ՊՆ-ում անցկացվել է խորհրդակցություն՝ ԶՈւ համար անհրաժեշտ ռազմական արտադրանքի մշակման, թողարկման, մատակարարման, նախարարության և ռազմարդյունաբերական ձեռնարկությունների փոխգործակցության եզրերի քննարկման նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
ՀՀ ՊՆ ռազմական արդյունաբերության վարչության և ոլորտի առաջատար մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ առաջին անգամ նման ձևաչափով անցկացվող խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք ընկերությունների հետ ՀՀ պաշտպանության նախարարության կնքած պայմանագրերի գործնական արդյունքները, հայրենական ձեռնարկություններում սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, նորոգման, պատվերների տեղաբաշխման արդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև այդ պատվերների կատարման ընթացքում առաջացող դժվարությունները և ընկերությունների բնականոն աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ ծրագրերը:
Խորհրդակցության ընթացքում ռազմարդյունաբերության համալիրի զարգացման և կայացման գործում ունեցած ավանդի համար գերատեսչական մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ հանձնվեցին ոլորտի մի շարք պատասխանատուների և մասնագետների:
Ավելացնենք, որ նախորդ ամսվա ընթացքում երեք անգամ՝ մարտի 3-ին, մարտի 12-ին և մարտի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, ծանոթացել հայրենական արտադրանքին: Բացի այդ, մարտի 17-ին ՀՀ ԶՈւ չորս զորամասեր կատարած այցի ընթացքում ևս նախարար Օհանյանին էր ներկայացվել հայրենական ռազմական արդյունաբերության արտադրանքներից ևս մեկը՝ հետևակի մարտական մեքենայի վարժասարքը:
Ապրիլի 2-ին էլ Սեյրան Օհանյանի մասնակցությամբ բացվել է հատուկ ՀՕՊ զորատեսակի հատուկ սարքերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման նոր արտադրամաս։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովում 104 կողմ (2 դեմ, 6 ձեռնպահ) ձայներով երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը, որը կարգավորում է Հայաստանում ռազմական արդյունաբերության գործունեությունը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23 մարտի – 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info