Պակիստանը ևս մտադիր է մասնակցել Եմենում ընթացող մարտական գործողություններին

Պակիստանը մի քանի որ տևած քննարկումներից հետո որոշել է միանալ Եմենում ապսամբած հութիների դեմ պայքարող կոալիցիային, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան։ Այդ հարցերը քննարկելու համար մարտի 30-ին Պակիստանի պաշտպանության նախարարն այցելել էր Սաուդյան Արաբիա։  Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Պակիստանի ԶՈւ զինծառայողներ

Պակիստանի ԶՈւ զինծառայողներ

Այցի ժամանակ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ներկա դրությամբ Սաուդյան Արաբիայում գտնվում է Պակիստանի ԶՈւ 750-800 զինծառայող, որոնք սակայն, դեռևս չեն մասնակցել մարտական գործողություններին։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Պակիստանն արդեն իսկ իր աջակցությունն էր հայտնել Սաուդյան Արաբիայի գործողություններին, իսկ այժմ որոշել է միանալ կոալիցիայի իրականացրած գործողություններին։

Նշենք, որ մարտի 29-ին Պակիստանն օդային ճանապարհով տարհանել էր Յեմենում գտնվող իր ավելի քան 500 քաղաքացիների, իսկ մնացածին տարհանելու համար ուղարկել էր Ռազմանավ։

Հիշեցնենք, որ Եմենում Սաուդյան Արաբիայի և վերջինիս դաշնակիցների կողմից ռազմական գործողություններ սկսելու հենց առաջին օրը՝ մարտի 26-ին, Պակիստանի նախագահ Նավազ Շարիֆի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Իսլամաբադը ռազմական գործողություններին կմիջամտի միայն այն դեպքում, եթե բուն Սաուդյան Արաբիային վտանգ սպառնա։

Իսկ մարտի 27-ին Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ երկրի ղեկավարությունը ընթացող ռազմական գործողություններին մասնակցելու, կամ արաբական կոալիցիային օգնություն տրամադրելու վերաբերյալ ոչ մի որոշում դեռևս չի կայացրել։

Նշենք, որ Սաուդյան Արաբիան Պակիստանի կարևորագույն ռազմավարական դաշնակիցներից է։ Բացի այդ Պակիստանը ևս սուննիական պետություն է, և մշտապես աջակցել է Սաուդյան Արաբիային՝ շիական պետությունների՝ հատկապես Իրանի հետ ունեցած խնդիրների դեպքում։

Հիշեցնենք, որ մարտի լույս 31-ի գիշերը արաբական կոալիցիայի F-15 բազմանպատակային ինքնաթիռները ռմբակոծել են Եմենի մայրաքաղաք Սանայում տեղակայված նախագահական պալատը։

Տեղեկացնենք նաև, որ մարտի 30-ին արաբական կոալիցիայի օդային հարվածների թիվը գերազանցել է նախորդ 5 օրերի հարվածների ընդհանուր թիվը։ Հիմնական հարվածները բաժին են հասել մայրաքաղաք Սանային։ Իր հերթին, համաարաբական արբանյակային Al Mayadeen հեռուստատեսության կայքը հաղորդում է, որ չնայած հութիների դեմ պայքարի խստացմանն ու հարվածների ուժգնացմանը՝ նրանց կողմն անցած զինվորականներին հաջողվել է գրավել Եմենի՝ մեծությամբ երկրորդ Ադեն քաղաքի միջազգային օդանավակայանը։

One response to “Պակիստանը ևս մտադիր է մասնակցել Եմենում ընթացող մարտական գործողություններին

  1. Pingback: Իրանի արտգործնախարարը Պակիստանում քննակել է Եմենի խնդիրը և տարածաշրջանային այլ հարցեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *