Լիտվայում 5 տարով վերականգնվում է պարտադիր ժամկետային զինծառայությունը

Լիտվայի խորհրդարանը 112 կողմ (3 դեմ, 5 ձեռնպահ) ձայներով 5 տարով վերականգել է երկրի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայությունը: Այս մասին տեղեկացնում է լիտվական Delfi լրատվական կայքը:

Լիտվայի զինված ուժեր

Լիտվայի զինված ուժեր

Բանակի զորակոչային համալրման մոդելին վերադառնալը Լիտվայում պատճառաբանում են նրանով, որ փոխվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, իսկ այդ պայմաններում կիսով չափ համալրված լիտվական զինված ուժերը չեն կարող մարտունակ լինել: Բացի դրանից, Լիտվայում խնդիր է առաջացել երիտասարդներին պայմանագրային զինծառայության ներգրավելու հարցում. տղամարդիկ չեն ցանկանում որպես պայմանագրային ծառայել զինված ուժերում:

Զորակոչային բանակի վերականգնման մասին առաջին անգամ հայտարարել է Լիտվայի նախագահը՝ նշելով, որ երկրի ղեկավարությունն այդ որոշմանը հանգել է՝ ուսումնասիրելով աշխարհաքաղաքական իրավիճակն ու երկրի ազգային անվտանգության նոր սպառնալիքները:

Նոր օրինագծով երկրի զինված ուժեր տարեկան կզորակոչվի 19-ից 26 տարեկան 3000-3500 տղամարդ, բուհերում սովորող ուսանողների համար զորակոչային տարիքը կլինի մինչև 38 տարեկանը, իսկ միայնակ հայրերը չեն զորակոչվի: Զինծառայության ժամկետը կլինի 9 ամիս:

Խոսելով զորակոչի վերականգնման մասին ՝ Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը հայտնել է՝ ներկայում Լիտվայի զինված ուժերում ծառայում է 12 հազար պայմանագրային, սակայն շատ քչերն են ուզում անցնել պայմանագրային ծառայության, ինչի հետևանքով ԶՈւ ստորաբաժանումների մեծ մասը համալրված է անհրաժեշտ անձնակազմի միայն մեկ երրորդով:

Բացի այդ, զինված ուժերի ակտիվ ռեզերվը 4800-ից 6000 մարդ է, մինչդեռ 5 տարով պարտադիր ժամկետային զինծառայությունը վերականգնելու դեպքում այդ թիվը կհասցվի 16-ից 17 հազարի, որը անհրաժեշտ քանակի 75-90 տոկոսն է:

Լիտվական Delfi լրատվակայքի հաղորդմամբ՝ օրինագծի ընդունումից հետո էլ դեռ պարզ չեն զորակոչի անցկացման կանոնները: Այսպես, նախկինում առաջարկ էր եղել զորակոչն անցկացնել պատահական ընտրության միջոցով, սակայն լիբերալները դեմ են նման առաջարկին: Նրանք պահանջում են, որ բանակ զորակոչվեն այն երիտասարդները, որոնք «չեն գտել իրենց տեղը կյանքում», ոչ թե նրանք, որոնք կրթություն են ստացել ու աշխատանք ունեն:

Լիբերալները նաև առաջարկում են, որ զորակոչիկները ծառայության 9 ամիսների ընթացքում սովորեն «ոչ միայն կրակել», այլև մեքենա վարել ու համակարգչից օգտվել:

Խորհրդարանի «Կարգ և արդարություն» խմբակցության ներկայացուցիչներն էլ առաջարկում են առաջին հերթին կամավորներին զորակոչելուց հետո պարտադիր ժամկետային զինծառայության ուղարկել գործազուրկներին, չինովնիկներին և թեթև կամ միջին ծանրության հանցանքի համար նախկինում դատապարտվածներին:

Պատասխանելով այս առաջարկներին՝ երկրի պաշտպանության նախարարը նշել է, որ զորակոչի անցկացման կարգը քննարկվելու է առաջիկա ամիսներին (սեպտեմբերին նախատեսվում է արդեն սկսել զորակոչը):

Ավելացնենք, որ 2008 թվականին, երբ Լիտվան հրաժարվում էր պարտադիր ժամկետային զինծառայությունից, շեշտը դրվում էր պրոֆեսիոնալ բանակ ունենալու անհրաժեշտության վրա: Սակայն, ինչպես երկրի պաշտպանության նախարար Օլեկասն է նշում, ներկայում քչերն են ցանկանում կամավոր զինվորագրվել ու որպես պայմանագրային ծառայել երկրի զինված ուժերում, ինչի պատճառով էլ ստորաբաժանումները կիսատ են համալրվում, սա էլ բերում է բանակի մարտունակության անկմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *