ՌԴ-ն Յակ-130 ինքնաթիռներ է տրամադրելու Բելառուսին, բանակցում են նաև Հայաստանի հետ

Բելառուսը 2015-ի ապրիլին ստանալու է ռուսաստանյան 4 միավոր Յակ-130: Այս մասին Մալազիայում կայացած «Լանկավի միջազգային ծովային և ավիատիեզերական ցուցահադես-2015»-ի ժամանակ հայտարարել է ինքնաթիռներն արտադրող «Իրկուտ» ավիաշինական ընկերության տնօրեն Օլեգ Դեմչենկոն: Հայտնում է բելառուսական «ԲելՏԱ» լրատվական գործակալությունը

Յակ-130-ը ցուցադրական թռիչքի ժամանակ

Յակ-130-ը ցուցադրական թռիչքի ժամանակ

Համաձայն «ԲելՏԱ» լրատվականի՝ Մինսկը, ըստ նախնական պայմանավորվածության, այս ինքնաթիռները պետք է ստանար ավելի վաղ՝ մարտի վերջերին: Ինքնաթիռների գնման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2012-ին: Բելառուսը ԱՊՀ-ը երկրներից առաջինն է, որ գնում է Յակ-130 ինքնաթիռներ:

Դեմչենկոն նաև հայտարարել է, որ ապրիլին 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչ էլ ուղարկվելու է Ղազախստան:

Խոսելով ԱՊՀ մյուս երկրներին ինքնաթիռներ վաճառելու մասին՝ վերջինս հավելել է, որ իրենք բանակցում են նաև Հայաստանի և Ուզբեկստանի հետ:

Հավելենք, որ Ռուսաստանյան «Իրկուտ» ավիաշինական ընկերության արտադրած Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռները թույլ են տալիս օդաչուներին սովորել չորրորդ և հինգերերոդ սերնդի կործանիչներ վարել։ Թեև այն իր մարտական տվյալներով զիջում է կործանիչներին, սակայն զգալի էժան արժեքը և ուսումնական նշանակությամբ կիրառությունը ինքնաթիռի դրական կողմերից են։ Մեկ Յակ-130-ի արժեքը կազմում է 15 մլն ամերիկյան դոլար։

Ուսումնամարտական ինքնաթիռի առաջին թռիչքը եղել է 1996 թվականին։ Յակ-130-ը կարող է օգտագործվել նաև որպես թեթև գրոհիչ ինքնաթիռ: Յակ-130-ի անձնակազմը 1 կամ 2 հոգի է: Այն կարող է կրել 23մմ թնդանոթների կոնտեյներներ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, ռումբեր՝ առավելագույնը 3000կգ զանգվածով։

Ինքնաթիռի առավելագույն արագությունը 960կմ/ժ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 12,5կմ: Ինքնաթիռի շահագործման ժամկետը 12 հազար թռիչքային ժամ է:

One response to “ՌԴ-ն Յակ-130 ինքնաթիռներ է տրամադրելու Բելառուսին, բանակցում են նաև Հայաստանի հետ

  1. Pingback: Բելառուսը 4 ուսումնամարտական ինքնաթիռ է ստացել, ևս 4 միավոր էլ պատվիրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *