Մարտի 12-ից Թուրքիայում կդադարեցվի RF-4E ինքնաթիռների շահագործումը. ՌՕՈւ հրամանատարություն

Հաշվի առնելով վերջին շրջանի վթարները, օդաչուների և ինքնաթիռների կորուստը՝ Թուրքիայի ԶՈւ-ն որոշել է դադարեցնել թռիչքները RF-4E ինքնաթռներով, իսկ վերջինիս գործառույթներն իրականացնելու են հետախուզական աշխատանքների համար արդիականացվող F-16 ինքնաթիռները։Այս մասին, ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության, մարտի 11-ին հայտարարել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալը:

Թուրքիայի ռազմաօդային ուժերի RF-4E հետախուզական ինքնաթիռ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի RF-4E հետախուզական ինքնաթիռ

Նման որոշման պատճառներից մեկն այն է, որ վերջին շրջանում վթարվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2 նմանատիպ ինքնաթիռ: Բացի այդ էլ, օդաչուների մոտ ձևավորվել է անվստահություն դրանց նկատմամբ։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ հրամանատարը նշել է, որ խոսքն ամենևին չի վերաբերում F-4E 2020 կործանիչներին։ Այդ ինքնաթիռից Թուրքիայում ներկայումս առկա է 47 միավոր, որոնք շահագործումից նախատեսվում է հանել մինչև 2020 թվականը։ Իսկ շահագործման դադարեցման ներկայիս որոշումը վերաբերում է 8 միավոր RF-4E հետախուզական ինքնաթիռներին։

Թուրքիայի ՌՕՈւ հրամանատարն իր խոսքում նշել է, որ ինքնաթիռները հին են, անձնակազմն ուսուցանված չէ։ Նա հայտարարել է նաև, որ ինքնաթիռների վթարի պատճառը եղել է ոչ միայն մաշվածությունը, այլև օդաչուների սխալը։

Անդրադառնալով փետրվարի 24-ի վթարին՝ նա հայտնել է, որ դրա պատճառը ո´չ գիշերային ժամի թռիչքն էր, ո´չ էլ եղանակային անբարենպաստ պայմանները։

Նա նշել է նաև, որ RF-4E տիպի ինքնաթիռները հարմարեցված են հիմնականում հետախուզական թռիչքների իրականացմանը, սակայն հավելել՝ Թուրքիայի ԶՈւ-ն վաղուց փորձարկումներ է իրականացնում F-16 ինքնաթիռները ևս այդ համակարգերով համալրելու համար։ Նա նշել է, որ փորձարկումները կավարտվեն մարտի 12-ին ու հենց նույն օրն էլ կդադարեցվի RF-4E տիպի ինքնաթիռների շահագործումը։

Հիշեցնենք նաև, որ 2015-ի փետրվարի 24-ին Մալաթիայի Աքչադաղ գավառի Էքինջիլեր գյուղի մոտակայքում վթարի էր ենթարկվել 2 միավոր RF-4E հետախուզական ինքնաթիռ, ինչի հետևանքով բոլոր 4 օդաչուները մահացել էին։ Մեկ այլ ինքնաթիռ էլ կործանվել էր մարտի 5-ի առավոտյան՝ ուսումնական թռիչք կատարելիս. ՌՕՈւ 112-րդ էսկադրիլիայի F-4E 2020 կործանիչներից մեկը վայր էր ընկել, ինչի հետևանքով անձնակազմի երկու օդաչուները մահացել էին: Այս վթարները հանգեցրել էին հասարակական լայն դժգոհության ալիքի՝ հասնելով այն բանին, որ թուրքական մամուլում մեղադրական կարծիքներ էին հնչել Իսրայելի հասցեին, քանի որ RF-4E ինքնաթիռներն արդիականացվել են Իսրայելում, ինչից հետո գրանցվել է ինքնաթիռների 12 վթար, զոհվել 15 օդաչու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *