Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանին կրկին նշանակել է նախկին պաշտոնին: Այս մասին, ըստ թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության, մարտի 9-ին՝ նախարարների խորհրդի հերթական նիստից հետո, հայտարարել է կառավարության խոսնակ և փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:
Նույն օրն ավելի ուշ Ֆիդանը հայտարարել է, որ ինքը հանել է իր թեկնածությունը և չի մասնակցելու հունիսի 7-ի Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) ընտրություններին որպես «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Ստամբուլի պատգամավորի թեկնածու: Համաձայն կառավարության աղբյուրների՝ Ֆիդանն այս որոշումը կայացրել է նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի հետ հարցը քննարկելուց հետո:
Հիշեցնենք, որ Ֆիդանը 2015-ի փետրվարի 7-ին հրաժարական էր ներկայացրել՝ հուլիսի 7-ին կայանալիք ԹԱՄԺ-ի ընտրություններին մասնակցելու համար, որից հետո վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հաստատել էր Ֆիդանի հրաժարականի դիմումը և վերջինիս նշանակել վարչապետի խորհրդականի պաշտոնում։
Հավելելնք նաև, որ Ֆիդանի փետրվարի 7-ի որոշման վերաբերյալ Թուրքիայի նախագահ բացասական վերաբերմունքը եղել է ամենասկզբից: Էրդողանը փետրվարի 8-ին պատասխանելով լրագրողների՝ Ֆիդանի հրաժարականի վերաբերյալ հարցին, նշել էր , որ ինքը սխալ է համարում պատգամավորության թեկնածություն առադրելու համար նման լուրջ և երկրի անվտանգության համար անչափ կարևոր կազմակերպության նախագահի հրաժարականի ներկայացումը: Սակայն նաև հավելել էր, որ պատգամավորի թեկնածություններն ընդունելը, ինչպես նաև կազմակերպության նախագահի նշանակումը և հրաժարականի դիմումի ընդունումը վարչապետի պարտականությունն է, իսկ ինքն այդ հարցում ոչ մի բան չի կարող փոխել։