Կանացի ձևականությունները զինվորական կյանք չպետք է մտնեն. աղջիկ կուրսանտ

Կանանց միամսյակի կապակցությամբ Ռազմինֆոն փորձել է հասկանալ, թե ինչպես են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ աղջիկները պատկերացնում զինվորական գործն ու կին լինելը համատեղելը։ Առաջին հերոսուհին մոտոհրաձգային վաշտի կուրսանտ Լուիզա Խլղաթյանն է, 20 տարեկան է, Երևանից։ Երազանքը՝ հետախույզ դառնալ։

Կուրսանտ  Լուիզա Խլղաթյանը

Կուրսանտ Լուիզա Խլղաթյանը

— Լուի´զա, ինչո՞ւ եք ընտրել հատկապես հետախույզի մասնագիտությունը։

Բացի այն, որ զուտ որպես մասնագիտություն կարող եմ ընտրել, իմ բնավորության մեջ կան դրան համապատասխանող գծեր, հատկանիշներ։ Ինձ գրավում է այդ ադրենալինի չափաբաժինը, որ այս մասնագիտությունն ունի։ Մի քանի զգացողություն խառնվում են իրար՝ վախ, անհանգստություն, ցանկություն, ինձ գրավում է այդ ամենը։

— Այսինքն Ձեզ համար մասնագիտությունն ադրենալի՞ն է։

Միանշանակ, քանի որ չես կարող առաջ շարժվել միայն մասնագիտականով, պետք է նաև համատեղես քո նախասիրությունների հետ, պիտի հաճույք ստանաս արածդ գործից։ Այդպես շատ ավելին կլինես, քան զուտ մասնագետը։

— Մի ամբողջ կիսամյակ զինվորական կյանքով եք ապրել, այս փորձից հետո կնշեք համակարգի առավելություններն ու թերությունները։

Հայկական բանակում շատ խիստ են, որպեսզի հատկապես սպայական կադրերը որակով լինեն, իսկ մեր ինստիտուտում շատ են աշխատում այդ ուղղությամբ։ Եթե ապագա հրամանատարը լավը չէ, ապա չի կարող զորք ղեկավարել, իսկ եթե չի կարողանում զորքը ղեկավարել, ապա հայրենիքի պաշտպանությունը խափանվում է։ Մեզ այստեղ ասում են, որ ամեն ինչ սկսվում է կարգապահությունից, ու դա այդպես է, ինքս եմ համոզվել։

Կուրսանտ  Լուիզա Խլղաթյանը (ձախից առաջինը)

Կուրսանտ Լուիզա Խլղաթյանը (ձախից առաջինը)

— Հետախուզությունը բարդ ու պատասխանատու, ինչպես նաև չափազանց վտանգավոր ուղղություն է։ Այս ամենը հաշվի առե՞լ եք մինչև այստեղ ընդունվելը։

Իհա´րկե, մասնագիտությունս այնպիսին է, որ ամեն ինչին պիտի վերաբերվեմ վերին աստիճանի լրջությամբ։ Ոչ մի հարցում չեմ կարող մատների արանքով նայել։ Ամեն ինչ հաշվի եմ առել։

— Երբ ժամկետային զինծառայողների հետ զրուցում ենք, նրանք հատկապես շեշտում են ծառայության առաջին օրվա տպավորությունը։ Ձեզ մոտ ինչպե՞ս անցավ այդ օրը։

Շատ լավ էր առաջին օրը, չէի պատկերացնում, թե ինչ է լինելու։ Ինստիտուտը բավական գեղեցիկ է, հրամանատարները շատ ջերմ էին մեզ հետ, իսկ «Երիտասարդ մարտիկի» շրջանում (մինչև երդման արարողությունը, ուսումնական մեկ ամիսը) ամեն օր նոր բան ենք սովորել։ Այդ ընթացքում ոչ մի թերություն չեմ նկատել, ծառայել ենք այնպես, ինչպես ծառայում են բանակում։

— Առավոտյան վերկաց, սահմանափակ ժամանակ, ինչպես էիք հասցնում հարդարվել։

Հիմա մենք ազատ ելքի մեջ ենք, բայց «Երիտասարդ մարտիկի» շրջանակներում այստեղ ենք եղել։ Ճիշտ է՝ պետք է համապատասխան ժամերից չուշանայինք, հասցնեինք օրվա կարգացուցակին։ Առավոտյան ավելի շուտ էինք արթնանում (ծիծաղում է), մինչև վերկացը, անկողինն էինք հավաքում, մեզ կարգի էինք բերում, որ կարողանայինք մասնակցել նախատեսված կարգացուցակին։ Երբ ինչ-որ մեկը չէր հասցնում, օգնում էինք իրար, որ խնդիր չառաջանա ու հրամանատարությունը նկատողություն չանի։

Կուրսանտ աղջիկները Մարտի 8-ին նվիրված միջոցառմանը

Կուրսանտ աղջիկներն իրենց հրամանատարի հետ Մարտի 8-ին նվիրված միջոցառմանը

— Ձեր համազգեստը որպես այդպիսին տղամարդու համազգեստից չի տարբերվում, ինչպե՞ս հարմարվեցիք նոր իրավիճակին։ Ինչ-որ խնդիր առաջացա՞վ համազգեստի հետ կապված։

Համազգեստ հագնող կանայք շատ չեն, ու երբ տեսնում ես, դու էլ ես ուզում ունենալ։ Խնդիր չի եղել, միանգամից հարմարվեցինք։ Մեզ այստեղ չի կարելի շպարվել, քանի որ մենք տղաների հետ ենք ծառայում, ու հավելյալ ուշադրությունը կխանգարի, մենք բոլորի նման կուրսանտ ենք։ Բայց տոնական օրերին կարելի է (ժպտում է):

— Ինչպիսի՞ն են կին-տղամարդ հարաբերություններն այստեղ։

Շատ լավ։ Քանի որ կանայք քիչ են մեր ինստիտուտում, իսկ տղամարդիկ բացի այն, որ շատ են, նաև զինվորական են ու գիտակցում են կնոջ շատ կարևոր դերը, մեր ինստիտուտում դա պահպանվում է։ Մեր հրամանատարությունը և կուրսանտ տղաները մեզ լավ են վերաբերվում։

— Կուրսանտ տղաների հետ խնդիրներ առաջացե՞լ են։

Զուտ գաղափարական տեսանկյունից վեճեր եղել են, բայց հետո հարթվել է ամեն ինչ։ Իսկ ուսման առումով տղաներ ունենք, որ մրցակցության մեջ են մտնում մեզ հետ։ Մեզ այստեղ հավասարը հավասարի նման են վերաբերվում, ու այդ մրցակցությունը շատ լավ է։

— Ըստ Ձեզ՝ կինը որպես հրամանատար ինչպե՞ս է դիտվում։

Դեռ անորոշ է, չեմ պատկերացնում, դեռ կուրսանտ ենք, 4 տարվա ընթացքում հաստատ փոխվելու ենք, կայանալու ենք։ Ինձ թվում է՝ հրամանատար դառնալուց հետո սեռը կմղվի երկրորդ պլան։ Այսինքն՝ մեզ կընդունեն որպես հրամանատար, հետո նոր՝ որպես կին։ Զորքերում ինչպես կդիտվի՝ դեռ չեմ կարողանում ասել։ Հույս ունեմ, որ շատ լավ կլինի ամեն ինչ։ Ես ինքս ամեն ինչ կանեմ, որ տղա զինծառայողների հետ ամեն ինչ կարգին լինի, ու այդ հարգանքը լինի ինչպես հրամանատարի, այնպես էլ կնոջ նկատմամբ։ Ամեն մի սեռի ներկայացուցիչ պիտի մնա իր դիրքում՝ հարգելով մյուսին։

— Քանի՞ տարի եք պլանավորում ծառայել զինված ուժերում։

Մինչև վերջ։

—Ձեր հավանաբար ամենակարևոր առաքելությունը նաև ընտանիք ունենալն է։ Ինչպե՞ս եք համատեղելու։

Շատ բարդ հարց է, դեռ չեմ մտածել։ Հիմա միայն սովորելու մասին եմ մտածում։ Կարծում եմ՝ համատեղել հնարավոր է, իսկ ամուսինս պիտի լինի զինվորական, դա համատեղման առաջին գործոնն է։ Զինծառայողի մասնագիտությունը բարդ է, իսկ եթե կողակիցդ այս ոլորտից չէ, ապա դժվար թե հասկանա պարբերաբար բացակայությունները, մասնագիտական ծանրությունը, անընդհատ տղամարդկանց շրջապատում լինելը, շփվելը։ Եթե մեր ոլորտից լինի, ինձ թվում է՝ կհասկանա։

«Մեզ այստեղ հավասարը հավասարի նման են վերաբերվում»,- Լուիզա Խլղաթյան

«Մեզ այստեղ հավասարը հավասարի նման են վերաբերվում»,- Լուիզա Խլղաթյան

— Քանի՞ երեխա եք պլանավորում ունենալ։

Մեկ։

— Ընտանիքում քանի՞ երեխա եք։

Մենք երկուսն ենք՝ երկու քույր, ու ես էլ ուզում եմ 1 աղջիկ ունենալ, իսկ եթե մի բան շատ ես ուզում այդպես էլ կլինի։

— Ընտանիքում ինչպե՞ս են վերաբերվում զինվորականի մասնագիտությանն ու հատկապես հետախույզ լինելու ցանկությանը։

Մայրիկս դեմ է հետախույզ լինելուն, բայց ասում է, որ կարող եմ գնալ, ասենք, մոտոհրաձիգ լինել։ Բայց սա իմ կյանքն է, իմ ընտրությունն է։ Իսկ ինչ վերաբերում է զինվորականի մասնագիտությանս, ապա շատ լավ են ընդունում։ Հայրս Արցախյան ազատամարտի մասնակից է, հասկանալով հայրենապաշտպանության դերը՝ միայն կողմ է։

— Հետախույզ, զինվորական, կին, թվում է՝ իրարից բավական հեռու են, քանի որ բանակը տղամարդկային միջավայր է։ Զորքեր մտնելիս ի՞նչ պիտի կինը թողնի քաղաքացիական կյանքում։

Կանացիությունը միանշանակ պետք չէ թողնել։ Իսկ ինչ պետք է թողնի… երևի թե ձևականությունները… կանացի ձևականություններն ազդում են տղամարդկանց վրա։

— Զինվորական լինելը ստիպում է նաև որոշակի փոփոխությունների ենթարկվել։ Տղամարդկային ի՞նչ հատկանիշներ եք ձեռք բերել։

Չնայած բնավորությամբ այնքան էլ նուրբ մարդ չեմ, բայց ավելի շատ կոպտություն է մոտս ընդգծվել։ Կոպտություն պետք է, քանի որ քո դիմաց տղամարդ զինծառայողներ են կանգնած։

—Սառնասի՞րտ եք։

Հարաբերական հարց է։ Մասնագիտության բերումով՝ այո´, սառնասիրտ եմ, իսկ անձնական կյանքում զիջումների գնում եմ։

— Սիրած զինատեսակ ունե՞ք։

Այո´, ձեռքի հակատանկային նռնականետ՝ ՌՊԳ-7։

Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարությանը՝ շարքի իրականացմանն աջակցելու համար։

Զրուցեց՝  Հասմիկ Մելիքսեթյանը

Նկարները՝  Սոսե Մուրադյանի

One response to “Կանացի ձևականությունները զինվորական կյանք չպետք է մտնեն. աղջիկ կուրսանտ

  1. Pingback: Ռազմական ինստիտուտի աղջիկ կուրսանտների ծառայության մասին պատմում են նրանց սպաները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *