Մարտի 9-ին Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն լրագրողներին հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը բարեփոխումներ է անում ռազմական ոստիկանության համակարգում՝ բերելով այն ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Այս մասին մարտի 9-ին հայտնում է վրաստանյան Newsgeorgia լրատվակայքը։
«Ռազմական ոստիկանությունում այժմ վերափոխումներ են իրականացվում։ ՌՈ-ի կառուցվածքն ու համակարգն ամբողջովին համապատասխանելու են ՆԱՏՕ-ի պահանջներին»,— մասնավորեցրել է Ջանելիձեն։
Ճեպազրույցի ժամանակ Ջանելիձեն նաև հերքել է վրաստանյան լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե այդ համակարգում համընդհանուր պաշտոնանկություններ են արվում։
«Բոլոր աշխատակիցներին համակարգում աշխատելու հնարավորություն կտրվի»,- ասել է գերատեսչության ղեկավարը։ Վերջինս սակայն չի հստակեցրել, թե երբ կավարտվի ռազմական ոստիկանության վերափոխումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին միանգամից հրաժարական տվեցին Վրաստանի ԶՈւ ԳՇ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Ռոբերտ Գրիգալաշվիլին և ՊՆ ռազմական գլխավոր տեսուչի տեղակալ Վալերի Զումբաձեն։ Նշվում է, որ վերջիններս ինքնակամ են հրաժարական տվել, թեև Զումբաձեի ՊՆ ռազմական գլխավոր տեսուչի տեղակալ դառնալու մասին հայտնի էր դարձել ընդամենը 2015թ. փետրվարի 5-ին։