Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի ստորաբաժանումները Կարսի Աքբաբա զորավարժարանում 2015-ի փետրվարին անցկացրել են «Ձմեռ-2015» կրակային զորավարժություն, որի սցենարի համաձայն՝ զորամիավորումները հարձակվել են Յոնջաքալեսիի, Արփաչքուրուի և Սըրաթաշլարի շրջաններում տեղակայված հակառակորդ ուժերի վրա և հետ շպրտել նրանց: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Զորավարժության սցենարի համաձայն՝ Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի 9-րդ կորպուսի հրամանատարության զորամիավորումները հարձակվել են Յոնջաքալեսիի, Արփաչքուրուի և Սըրաթաշլարի շրջաններում տեղակայված և թշնամու վրա՝ նրանց հետ շպրտելով մինչև Ուզուն Սըրթի շրջան, որտեղ 9-րդ կորպուսի զորամիավորումներին շրջանցելով՝ թշնամու դիրքերը գրոհել են 14-րդ մեքենայացված հետևակային բրիգադի զորամիավորումները։
Շրջանցման գործողությունն իրականացնելուց հետո հարձակման անցած զորամիավորումները հասել են մինչև Յոնջաքալեսիի շրջան և թշնամու հետախուզական միջոցառումներից խուսափելու համար ծխագլանակներ են բաց թողել և խիտ ծխով քողարկել են իրենց դիրքերը։
Շրջանում հանդիպելով ականապատ տարածքի՝ մեքենայացված հետևակային բրիգադի զորամիավորումը 400կգ ՏՆՏ տիպի պայթուցիկ նյութով մաքրել է ականապատ տարածքի մի մասը՝ ազատելով 100 մետր երկարությամբ և 10 մետր լայնությամբ միջանցք։ Այդ միջանցքով կազմակերպվել է տանկերի, հրետանու, զրահամեքենաների և զինծառայողների անվտանգ անցումը, որից հետո անցկացված զրահատեխնիկայով և հաուբիցային ու կառավարվող հակատանկային զենքերով հաջողությամբ ոչնչացվել են հակառակորդի թիրախները։ Գործողությունների հաջող ավարտից հետո թուրքական ստորաբաժանումները Քարթեփեում բարձրացրել են Թուրքիայի դրոշը։
Ձմեռային զորավարժության ընթացքում առաջին անգամ օգտագործվել է նաև թուրքական արտադրության MPT-76 տեղական հետևակային հրացանը, որի միջոցով հաջողվել է խոցել մինչև 400մ հեռավորության վրա գտնվող թիրախները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ 2015-ի հունվարի 7-ին անցկացված պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովը որոշել էր անցնել MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության՝ առաջին փուլում արտադրելով 35 հազար ինքնաձիգ:
Զորավարժության ընթացքին հետևել են 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը, 9-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապետ Շերեֆ Օնգայը, 14-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենան Քալայը և Թուրքիայի ԶՈւ ԳՇ ներկայացուցիչները։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info