Թուրքիան փետրվարի 16-ին 3 բեռնատարներով ռազմական օգնություն է մատակարարել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող Փեշմերգեի ուժերին: Այս մասին հայտնում է քրդական BasNews լրատվական կայքը:
Ուղարկվող օգնության մեջ եղել են գիշերային տեսանելիություն ապահովող և ականներ հայտնաբերող սարքեր, ինչպես նաև ջերմամեկուսիչ վրաններ: Համաձայն նույն աղբյուրի փոխանցած տվյալների՝ 2014-ի հունիսից այսօր Թուրքիայից Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք է ուղարկվել ռազմամթերքով բեռնավորված 15 բեռնատար: Թուրքիան Իրաքի քրդերին աջակցել է նաև մարդասիրական օգնությամբ՝ Էրբիլ ուղարկելով 782 բեռնատար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի՝ ԻՊ նկատմամբ վերաբերմունքը բազմիցս է որակվել երկակի: Վերջիններս պատրաստակամություն են հայտնել աջակցելու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարին, մասնավորապես քրդական Փեշմերգե զորաջոկատների անդամների և «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) խմբավորման մարտիկնեի մարզումների կազմակերպմանը, սակայն մի շարք տեղեկություններ վկայում են, որ Թուրքիան ոչ ուղղակի աջակցում է նաև «Իսլամական պետությանը»: