Թուրքիայի երկակի քաղաքականությունը «Իսլամական պետության» նկատմամբ

Թուրքիան վերջին շրջանում բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի՝  «Իսլամական պետության» դեմ  պայքարին և ներգրավվել կազմակերպության դեմ իրականացվող ծրագրերի մեջ, սակայն մի շարք տեղեկություններ վկայում են, որ Թուրքիայի քաղաքականությունը ԻՊ նկատմամբ այնքան էլ միանշական չէ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ

ԻՊ դեմ պայքարելու տեսանկյունից հետաքրքիր են հատկապես թուրք-ամերիկյան համատեղ ծրագրերի շրջանակներում կազմակերպվող մարզումները, որոնց մասնակցում են ԻՊ դեմ պայքարող քրդական Փեշմերգե զորաջոկատների անդամներն ու «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) խմբավորման մարտիկները:

Վերոնշյալ ծրագերում ներգավված լինելը, սակայն, Թուրքիային չի խանգարում աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Մասնավորապես Deutsche Welle գերմանական լրատվական գործակալության պատրաստած տեսանյութերից մեկում խոսվում է  սահմանն անցնող և ԻՊ-ին միացող թուրքերի մասին: Չնայած  Թուրքիա-Սիրիա սահմանին թուրքական սահմանապահների առկայությանը՝ սիրիական կողմում Քոբանիի քրդերը նմանատիպ  ներթափանցումները կանխելու համար  վերահսկողություն են հաստատել նաև սեփական միջոցներով: Տեսանյութում նշվում է նաև, որ քրդերը չեն վստահում  Թուրքիայի սահմանապահներին, ինչից ելնելով էլ սահմանախախտ բռնելու դեպքում սպանում են վերջիններիս:

Հիշեցնենք, որ Սիրիայի և Իրաքի հետ Թուրքիայի սահմանների անվերտահսկելիության վերաբերյալ վերջերս խոսել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հայտարարելով, որ Թուրքիան չի կարող ամբողջովին վերահսկել ահաբեկչական խմբավորումների անդամների շարժն իր տարածքով, քանի որ Սիրիայի և Իրաքի հետ ավելի քան 1000կմ սահման ունի։

Թուրքիայի՝ ԻՊ նկատմամբ աջակցողական մոտեցումների համատեքտում հատկանշական են նաև WND ամերիկյան լրատվամիջոցի փոխանցած տեղեկությունները: Լրատվականը մասնավորապես հաղորդում է՝ Հորդանանում ձերբակալված ԻՊ անդամները հարցաքաննության ժամանակ խոստովանել են, որ վերապատրաստում են անցել Թուրքիայում:

Նույն աղբյուրում նմանատիպ կասկածներով է հանդես եկել նաև Եգիտոսի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ հայտարարելով, որ Թուրքիան ԻՊ-ին փոխանցում է արբանյակային լուսանկարներ և այլ տվյալներ, որոնցում նշվում են ԻՊ դեմ պայքարող քրդերի դիրքերն ու  վերջիններիս զենքերի և զինամթերքի պահեստները:

Այսպիսով, չնայած Թուրքիայի կողմից արված բազմաթիվ հայտարարություններին՝ վերջինիս որոշ քայլեր ցույց են տալիս, որ Թուրքիան ուղղակի թե անուղղակի նպաստում է «Իսլամական պետություն» խմբավորման գործունեությանը:

2 responses to “Թուրքիայի երկակի քաղաքականությունը «Իսլամական պետության» նկատմամբ

  1. Pingback: ԻՊ խմբավորման դիրքերին մեծամասշտաբ օդային հարվածներ են հասցրել | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան ռազմական գույք է մատակարարել ԻՊ դեմ կռվող Փեշմերգեի ուժերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *