Փետրվարի 10-ին իրար հետևից հրաժարական են տվել Վրաստանի ԶՈւ ԳՇ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Ռոբերտ Գրիգալաշվիլին և ՊՆ ռազմական գլխավոր տեսուչի տեղակալ Վալերի Զումբաձեն։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Գրիգալաշվիլին հրաժարական է տվել ինքնակամ։
Զումբաձեի հրաժարականը կապվում է վերջին շրջանում տարածվող խոսակցությունների հետ։ Նշվում է, որ նա Սաակաշվիլու «ռեժիմի» ներկայացուցիչ է։ «Վերջին շրջանում իմ հասցեին տարբեր մեղադրանքներ են հնչում և որպեսզի չվնասվի Վրաստանի պաշտպանության նախարարության համբավը, ես հրաժարական տվեցի»,- ասել է Զումբաձեն։
Նշենք, որ Զումբաձեի ՊՆ ռազմական գլխավոր տեսուչի տեղակալ դառնալու մասին հայտնի դարձավ 2015թ. փետրվարի 5-ին։ Նախկինում աշխատել է Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության բաժնում։
Հավելենք, որ այսօր՝ փետրվարի 12-ին, Վրաստանի կառավարության նիստում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, թե պաշտպանության նախարարության նկատմամբ նպատակաուղղված գործողություններ են իրականացվում։ Վերջինս հայտնել է, որ բոլոր այս գործողություններում բոլոր մեղավորները օրենքի առաջ պատասխանատվության կենթարկվեն։
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 8-14 փետրվարի, 2015 | Ռազմ.info
Pingback: Վրաստանն իր ՌՈ կառուցվածքն ու համակարգը համապատասխանեցնում է ՆԱՏՕ-ի պահանջներին | Ռազմ.info