Կառավարությունը հաստատել է արտերկրում սովորողների՝ զինծառայությունից տարկետման կարգը

Փետրվարի 5-ին ՀՀ կառավարությունը հաստատել է պետպատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերի հայաստանցի ուսանողներին (մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորողներին և այլն) պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տալու կարգը:

ՀՀ Կառավարության նիստ

ՀՀ Կառավարության նիստ

Կարգը սահմանում է, թե որ դեպքերում կարելի է զորակոչից տարկետում տալ արտերկրում սովորողներին: Մասնավորապես նման թույլտվություն տրվում է, եթե ուսանողին (մագիստրանտին և այլն) գործուղում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կամ եթե ուսանողը  սովորելու համար արտերկիր մեկնում է արտերկրյա ուսումնական հաստատությունների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրված քվոտաների շրջանակներում:

Կառավարության հաստատած կարգով՝ ԿԳՆ-ն կարող է ուսանողներին արտերկրյա ուսումնական հաստատություններ գործուղել, եթե.

  • այդ բուհերն աշխարհի լավագույն բուհերի ցանկում են ու դրանց վերաբերյալ կան համապատասխան միջպետական կամ միջգերատեսչական համաձայնագրեր,
  • այդ բուհում սովորող ուսանողն ուսումնասիրում է տվյալ երկրի լեզուն, մշակույթը կամ կրոնը, ու դրա վերաբերյալ կան համապատասխան միջպետական կամ միջգերատեսչական համաձայնագրեր,
  • ուսանողը սովորում է երաժշտական արվեստ կամ կատարողական արվեստ մասնագիությամբ,
  • ուսանողը սովորում է թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությամբ (այս դեպքում ուսանողին տրվում է նաև օդաչուի վկայական):

Եթե դիմորդներն ավելի շատ են լինում, քան նախատեսված տեղերը, ապա ԿԳՆ-ն մրցույթի միջոցով է ընտրում ուսման մեկնող ուսանողներին:

Իսկ ՀՀ ԱԳՆ-ին տրված քվոտաների շրջանակներում ուսանողը զինծառայությունից տարկետում կարող է ստանալ, եթե մեկնում է ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում կամ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում սովորելու: Ընդ որում՝ քանի որ տեղերը՝ քվոտաները, սահմանափակ են, իսկ դիմորդները կարող են ավելի շատ լինել, ԱԳՆ-ին է վերապահված նաև ուսանողներին հարցազրույցի միջոցով ընտրելը: Այս պարագայում, ըստ ՀՀ արդարադատության նախարարության դիտողության, կարող են առաջանալ կոռուպցիոն ռիսկեր, սակայն վերջինիս դիտողությունը չի ընդունվել:

Այս կարգը չի տարածվում նշված ուսումնական հաստատությունների մասնաճյուղերում սովորողների վրա:

Մինչև ընթացիկ տարվա հուլիսի 25-ը ԿԳՆ մրցույթում հաղթած ու ԱԳՆ հարցազրույցի փուլն անցած երիտասարդների ցուցակն ուղարկվում է ՀՀ պաշտպանության նախարարություն, որպեսզի դիմորդներին 6 ամսով տրվի տարկետում՝ բուհերի ընդունելության մրցույթներին մասնացելու համար: Ընդունվելու դեպքում արդեն ուսանողները բուհից տեղեկանք են ներկայացնում, որի հիման վրա էլ նրանց տրվում է տարկետում մինչև ուսման ավարտը:

Որոշման նախագիծը ներկայացրած կրթության և գիտության նախարարությունը նշում է, որ այս կարգի հաստատման նպատակն արտերկրում սովորել ցանկացող երիտասարդներին զինծառայությունից տարկետում տալու գործընթացը կարգավորելն է, քանի որ ըստ ԿԳՆ-ի՝ վերջին ժամանակներում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշռող մասը արական սեռի  քաղաքացիներ են: Միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2012-2014թթ. արտերկրի տարբեր կրթական աստիճաններում սովորելու  գործուղված ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 710 ուսանող, որոնցից 588-ը արական սեռի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *