Նախարար Օհանյանը ներկայացրել է Վ. Սարգսյանի անվան ինստիտուտի նորանշանակ պետին

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել ՀՀ նախագահի հրամանագրով ինստիտուտի պետի պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Սեյրան Օհանյանը ներկայացնում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին

Սեյրան Օհանյանը ներկայացնում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին

Ռազմական ինստիտուտի շարահրապարակում ողջունելով ինստիտուտի անձնակազմին և ներկայացնելով Արցախյան պատերազմի ընթացքում մարտական գործողություններին ակտիվ մասնկացություն ունեցած և մինչ օրս բազմաթիվ զինվորական բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին` պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ իրականացված կադրային և ծրագրային արմատական փոփոխությունները, կրթական նոր չափանիշների և չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտան վերհանելու այն բացթողումներն ու արատավոր երևույթները, որոնց արդյունքում էլ տեղի է ունեցել հունվարի 29-ի ողբերգական միջադեպը և կարճ ժամկետներում վերականգնելու ռազմական ինստիտուտի բարի համբավը:

Ըստ Սեյրան Օհանյանի` նոր պետի նշանակմամբ հետայսու առավել բարձր մակարդակով են իրականացվելու հայկական զինված ուժերի սպայակազմի կերտման հիմնական դարբնոց հանդիսացող ռազմական ինստիտուտի առջև դրված խնդիրները, որոնց մեջ առավելապես խիստ ուշադրություն է դարձվելու կուրսանտների կրթելու, դաստիարակության և կարգապահության ամրապնդման խնդիրներին:

Ավելացնենք, որ ռազմական ինստիտուտի պետի պաշտոնն ազատ էր մնացել այն բանից հետո, երբ փետրվարի 2-ին ինստիտուտի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր պաշտոնից:

Ինստիտուտի պետի պաշտոնանկությունը կապված էր 2015-ի հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության հետ։

Հավելենք նաև, որ ողբերգական դեպքից հետո պաշտպանության նախարարի հրամանով պաշտոններից ազատվել են նաև ռազմական ինստիտուտի պետի տեղակալներ, գնդապետներ Արմեն Ռազմիկի Մզիկյանը, Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանը, Պողոս Գարուշի Աբրահամյանը, ինչպես նաև մի շարք այլ սպաներ:

Ավելացնենք, որ Արմեն Բախշիի Ղահրամանյանը ծնվել է 1963թ. սեպտեմբերի 11-ին Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում: ՀՀ զինված ուժերում ծառայում է 1992 թվականից: Զբաղեցրել է պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալի, զորամիավորման թիկունքի շտաբի պետի, թիկունքի պետի, հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնները: 2001թ. ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական ակադեմիայի դասընթացները:

2015թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնին: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության» մեդալով, ԼՂՀ նախագահի հրամանագրով` «Շուշիի ազատագրման համար», «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, պետական և գերատեսչական այլ մեդալներով: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

One response to “Նախարար Օհանյանը ներկայացրել է Վ. Սարգսյանի անվան ինստիտուտի նորանշանակ պետին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *