Բաքվի Նեսիմիի շրջանի վարչական դատարանում այսօր՝ հունվարի 22-ին, մեկնարկել է Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի նախկին պետ, փոխծովակալ Շահին Սուլթանովի դատավարությունը։ Քննվելու են նաև նույն գործով մեղադրվող մյուս ամբաստանյալները։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի զինվորական դատախազության տարածած տեղեկությունների, 2014-ի հունվարին ՌԾՈւ-ում անցկացված ստուգումների ժամանակ հայտնաբերվել են օրինախախտումներ՝ խոշոր չափի հասնող յուրացումներ։ Զինվորական դատարանի որոշմոմբ մեղադրյալները ձեռբակալվել են. նրանց թվում է եղել նաև ՌԾՈւ արդեն նախկին պետ, փոխծովակալ Շահին Սուլթանովը։
Նույն դատարանի վճռով Սուլթանովի կալանքը 2014-ի հուլիսին երկարաձգվել էր 3 ամսով, իսկ 2014-ի դեկտեմբերից Բաքվի ռազմական դատարանի վճռով կիրառվել է տնային կալանք։
Ուշագրավ է նաև այն, որ վերջինս կալանավայրից տուն վերադառնալիս այցելել էր Հեյդար Ալիևի գերեզման և մատուցել «հարգանքի տուրք»։