Սոմալիում մեքենա է պայթեցվել Թուրքիայի պատվիրակությանն ընդունող հյուրանոցի մոտ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հունվարի 23-ին Սոմալի կատարելիք այցի նախօրեին երկրի մայրաքաղաքում մահապարտը մեքենան պայթեցրել է այն հյուրանոցի մոտ, որտեղ այցը կազմակերպելու համար ժամանել էր թուրքական պատվիրակությունը։Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

Սոմալիի կառավարական ուժերի զրահամեքենան մահապարտ ահաբեկչի պայթեցրած մեքենայի մոտ

Սոմալիի կառավարական ուժերի զրահամեքենան մահապարտ ահաբեկչի պայթեցրած մեքենայի մոտ

Ըստ գործակալության՝ թուրքական պատվիրակության անդամները չեն տուժել, սակայն տեղի բնակչության շրջանում վիրավորներ կան, իսկ առնվազն երկու ոստիկան զոհվել է։

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում անելով արաբական Sky News Arabia հեռուստաալիքին, նշում է, որ պայթյունի հետևանքով զոհվել են առնվազն հինգ և վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է աֆրիկյան իսլամիստական «աշ-Շաբաբ» ծայրահեղական ահաբեկչական շարժումը։

Ահաբեկչության հետ կապված՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը, անկախ ամեն ինչից, չի պատրաստվում չեղյալ հայտարարել իր այցը և նշանակված հանդիպումները Սոմալիի պաշտոնատար անձանց հետ։

Հիշեցնենք, որ այս շարժումը վերջին տարիներին մի շարք ահաբեկչական գործողություններ է իրականացրել Աֆրիկայում։ Մասնավորապես 2013-ի սեպտեմբերին շարժման գրոհայինները հարձակվել էին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոններից մեկի վրա, ինչի հետևանքով սպանվեց մոտ 70 մարդ:

Հիշեցնենք նաև, որ 2013-ի հուլիսին Սոմալիում մեքենա էր պայթեցվել թուրքական դեսպանատան մոտ։ Նշվում էր, որ թիրախը եղել էին դեսպանատան թուրք դիվանագետները։ Պայթյունի արդյունքում զոհվել էր երկու տեղացի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *