Անկարայում գաղտնալսումների գործով ձերբակալվել է 21 անձ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում  հունվարի 20-ին Գյուլենական մարժման դեմ նոր գործողություն է ձեռնարկվել, ինչի արդյունքում անօրինական գաղտնալսումների մեղադրանքով ձերբակալվել է 21 անձ, որոնց  թվում են եղել Թուրքիայի Հեռահաղորդակցության տնօրինության (TIB) նախկին փոխնախագահ Օսման Նիհաթ Շենը և Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) ներքո աշխատող Ինֆորմատիկայի և տեղեկատվական անվտանգության հետազոտությունների կենտրոնի (BİLGEM) նախագահ Հասան Փալազը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ դեյլի նյուզ» լրատավական կայքը:

Ձերբակալություններ Թուրքիայի 4 նահանգներում:

Ձերբակալություններ Թուրքիայի 4 նահանգներում

Համաձայն թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցած տվյալների՝ այս գործողության շրջանակներում ոստիկանությունը հետախուզում է ընդհանուր առմամբ 28 անձի, որոնցից 22-ը TIB-ի, իսկ մյուս 6-ը TÜBİTAK-ի աշխատակիցներ են: Կալանավորման հրամանը եղել է Անկարայի Գյոլբասի վարչական շրջանի գլխավոր դատախազությունից:

Այս գործողությունը սկսվել է, երբ հաստատվել է, որ գաղտնալսվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Թուրքիայի Գերագույն դատարանի ղեկավար Ասիմ Քըլըչը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, փոխվարչապետ Բյուլենթ Առինչը և Ազգային անվտանգության խորհրդի անդամները:

Հիշեցենք, որ Գյուլենի դեմ պայքարը մեծ թափ ստացավ հատկապես 2013-ի դեկտեմբերի կեսերին, երբ Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքների վերաբերյալ հեռախոսային զրույցների ձայնագրությունները հայտնվեցին համացանցում և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու հատկապես Էրդողանի հեղինակությունը Թուրքիայում զգալիորեն նվազեց:

Այս իրադարձություններից հետո Էրդողանը շարժումը անվանեց «զուգահեռ պետություն» և հայտարարեց, որ վերջինիս նպատակները ոչ թե կրոնական հոսանք, այլ քաղաքականացված ապօրինի կազմավորում ստեղծելն է, որի գործողություններն ուղղված են երկրի ազգային շահերի վնասմանը:

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի 2014-ի վերջին նիստին որոշվել է Գյուլենական շարժումը գրանցել  «Կարմիր գրքում» (Թուրքիայի անվտանգության հույժ գաղտնի պետական փաստաթուղթ է, որի մեջ գրանցված են պետության թշնամիներն ու սպառնալիք համարվող կառույցները):

Այս շարժման դեմ վերջին գործողությունները 2014թ դեկտեմբերի 14-ին թուրքական ոստիկանության կողմից «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի, ինչպես նաև Samanyolu հեռուստաալիքի և մի շարք թերթերի աշխատակիցներ ձերբակալություններն էին: Վերջիններս կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը հարելու մեջ: Նույն օրը ձերբակալվել են նաև ԶԼՄ-ների ու դատաիրավական համակարգի 27 աշխատակիցներ, իսկ թուրքական դատարանը դեկտեմբերի 19-ին կայացրել է Գյուլենին ձերբակալելու վճիռ։

One response to “Անկարայում գաղտնալսումների գործով ձերբակալվել է 21 անձ

  1. Pingback: Բախումներ Թուրքիայում. օպերատիվ լրահոս, սեպտեմբերի 1 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *