Գյուլենական շարժումը գրանցվել է «Կարմիր գրքում»

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի 2014-ի վերջին նիստին որոշվել է Գյուլենական շարժումը գրանցել  «Կարմիր գրքում» (Թուրքիայի անվտանգության հույժ գաղտնի պետական փաստաթուղթ է, որի մեջ գրանցված են պետության թշնամիներն ու սպառնալիք համարվող կառույցները):  

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Կառավարության կողմից ընդունվելուց հետո որոշումը պաշտոնապես հաստատել է նաև Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սեյֆուլլահ Հաջըմյուֆտյուօղլուն: Այս որոշմամբ Գյուլենական շարժումը այժմ որակվում է որպես սպառնալիք  թուրքական պետության անվտանգությանը, հայտնում է թուրքական «Դեյլի սաբահ» պարբերականը:

Գյուլենական շարժումը թուրքական սոցիալ-կրոնական շարժում է, որը թեև պաշտոնական անուն չունի, բայց հաճախ կոչվում է «Հիզմեթ» (ծառայութուն): Շարժման հիմքում իսլամական չափավորության, հանդուրժողականության, միջկրոնական երկխոսության, իսլամի ու ժողովրդավարության համատեղելիության գաղափարներն են:

Շարժման ղեկավար 73-ամյա Ֆաթուլլահ Գյուլենն, ով 1999-ից վտարանդի է ԱՄՆ-ում, նախկինում եղել է Էրդողանի մերձավորներից և մեծ նպաստ ունի Թուրքիայի ներկայիս նախագահի քաղաքական կարիերայի հարցում: Հիմա, սակայն, Գյուլենին մեղադրում են երկրում հեղաշրջում կազմակերպելու նպատակների և փորձերի, ինչպես նաև գաղտնալսումներ իրականացնելու մեջ:

Գյուլենի դեմ պայքարը մեծ թափ ստացավ հատկապես 2013-ի դեկտեմբերի կեսերին, երբ Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքների վերաբերյալ հեռախոսային զրույցների ձայնագրությունները հայտնվեցին համացանցում և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու հատկապես Էրդողանի հեղինակությունը Թուրքիայում զգալիորեն նվազեց:

Այս իրադարձություններից հետո Էրդողանը շարժումը անվանեց «զուգահեռ պետություն» և հայտարարեց, որ վերջինիս նպատակները ոչ թե կրոնական հոսանք, այլ քաղաքականացված ապօրինի կազմավորում ստղծելն է, որի գործողություններն ուղղված են երկրի ազգային շահերի վնասմանը:

Հիշեցնենք, որ այս շարժման դեմ վերջին գործողությունները դեկտեմբերի 14-ին թուրքական ոստիկանության կողմից «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի, ինչպես նաև Samanyolu հեռուստաալիքի և մի շարք թերթերի աշխատակիցներ ձերբակալությունն էր: Վերջիններս կասկածվում են Ֆաթուլլահ Գյուլենի շարժմանը հարելու մեջ: Այդ օրը ձերբակալվել են նաև ԶԼՄ-ների ու դատաիրավական համակարգի 27 աշխատակիցներ, իսկ թուրքական դատարանը դեկտեմբերի 19-ին Ֆաթուլլահ Գյուլենին ձերբակալելու վճիռ է կայացրել:

3 responses to “Գյուլենական շարժումը գրանցվել է «Կարմիր գրքում»

  1. Pingback: Անկարայում գաղտնալսումների գործով 21 անձ է ձերբակալվել | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 4-10 հունվարի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի Ազգային անվտանգության նիստում քննարկվել են Թուրքիային սպառնացող վտանգները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *