Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
Հայկական պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրշիաշվիլին: Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ներկան և հեռանկարները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Զրուցակիցները նշել են, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը առաջնահերթ է և´ Հայաստանում, և´ Վրաստանում:
Որպես համագործակցության առանցքային ուղղություն` կարևորվել են ռազմական կրթությունն ու ուսումը: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին` Սաչխերե լեռնային պատրաստության ուսումնական կենտրոնում հայկական զինված ուժերի անձնակազմի մասնագիտական վերապատրաստման բարենպաստ հնարավորություններ ստեղծելու համար:
Հանդիպման վերջում երկու պետությունների պաշտպանական գերատեսչություններում միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրել են հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության 2015թ պլանը:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի հետ, իսկ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանք Կապանաձեն վերջիններիս հրավիրել է պաշտոնական ճաշի:
Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի՝ Գորիում տեղակայված ազգային պաշտպանական ակադեմիա, որտեղ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է «Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային կազմակերպությունների դերակատարումը» թեմայով զեկույց։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11-17 հունվարի, 2015 | Ռազմ.info