Իրանը զարգացնում է երկաթուղային հաղորդակցությունը տարածաշրջանի երկրների հետ

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաիզին Թուրքիայի զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի և Իրանի միջև ձեռք է բերվել նոր երկաթգծի կառուցման համաձայնություն։ Այս մասին 2014-ի հունվարի 14-ին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը։

Իրանի կապի նախարար Մահմուդ Վաիզին և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն

Իրանի կապի նախարար Մահմուդ Վաիզին և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն

Նշենք, որ նոր երկաթգծի կառուցման ծրագրի մասին հայտարարվել էր դեռևս 2012-ի հուլիսին  Թուրքիայի, Պակիստանի և Իրանի Իսլամական Հանրապետության պետական երկաթուղային ընկերությունների գլխավոր տնօրենների 11-րդ համատեղ նիստի ժամանակ։ Նշվել էր, որ նոր երկաթգիծը պետք է իրար կապի իրանական Պարս գավառը և թուրքական Իգդիր նահանգը։

Նիստի ընթացքում քննարկված հիմնական թեման եղել էր Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ բեռնատար երկաթգծի աշխատանքների վերսկսման հարցը։ Որոշում էր ընդունվել կրկին շահագործել երկաթգիծը, որի աշխատանքը ընդհատվել էր 2011-ին՝ Պակիստանում գրանցված զինված բախումների պատճառով։

Հայտնենք, որ երկաթուղային գծի երկարությունը 6543 կմ է, որից 1990 կմ-ն բաժին է ընկնում Պակիստանին, 2603-ը՝ Իրանին, իսկ 1950-ը՝ Թուրքիայի տարածքին։

Բացի վերոնշյալից, Իրանը երկաթգծի կառուցման ծրագիր ունի նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի, Չինաստանի և Ղազախստանի հետ։  Ինչ վերաբերում է Ադրեբջանի և Ռուսաստանի երկաթուղային ցանցին միանալուն, ապա նշենք, որ նախատեսվում է Իրանի տարածքում կառուցել 350 կմ-անոց երկաթգիծ և այն հասցնել մինչև ադրբեջանա-իրանական սահմանի Ասթարա քաղաք: Իրանի տարածքում երկաթգիծը ձգվելու է Պարսից ծոցի Բենդեր-Աբաս նավահանգստից մինչև Կասպից ծովի ափին գտնվող Էնզելի նավահանգիստ և այնտեղից՝ ադրբեջանական Ասթարա քաղաք:

Կազվին-Ռեշթ-Ասթարա երկաթուղին

Կազվին-Ռեշթ-Ասթարա երկաթուղին

Վերոնշյալ կապող հանգույցի վերջնական նպատակը Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հնդկաստանի և Օմանի երկաթգծերը մեկ ընդհանուր ցանցի մեջ ընդգրկելն է։ Կառուցման համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2005-ին։

Նշենք նաև, որ մինչ Արցախյան պատերազմը, Իրան-Ռուսաստան (ԽՍՀՄ) երկաթուղային կապն իրականացվել է Թեհրան-Ջուլֆա (Նախիջևան)-Գյումրի երկաթգծով, սակայն հայ-ադրբեջանական հակամարտությունը և Նախիջևանի հետ ՀՀ հաղորդակցության դադարեցումը անհնար դարձրեցին այս գծի հետագա շահագործումը։

Այս ծրագրին զուգահեռ 2009-ից քննարկվում է նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հնարավորությունը, որի շուրջ, սակայն, գործնական շոշափելի քայլեր դեռևս չեն արվել։

Նկատենք, որ Իրանը երկաթուղային հաղորդակցում ունի նաև Ղազախստանի և Թուրքմենստանի հետ՝ շնորհիվ  2009-2014 թվականներին կառուցված երկաթուղու։

Ապագայում նախատեսվում է նաև կառուցել Իրան-Չինաստան երկաթգիծը, որն անցնելու է Աֆղանստանով, Տաջիկստանով և Ղրղզստանով։ Իր հերթին, Տաջիտստանի տրանսպորտի նախարարությունը 2014-ի դեկտեմբերին տարածեց հաղորդագրություն՝ նշելով, որ ծրագրին մասնակից երկրները դեկտեմբերի 8-9-ին  անցկացրած քննարկումների արդյունքում հստակեցրել են բոլոր հարցերը և առաջիկայում կսկսեն բուն կառուցման աշխատանքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *