Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը տվել է առաջին ցուցմունքն ու խոստովանել հանցանքը։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այսօր՝ հունվարի 13-ին, Գյումրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է հայկական Արմենպրես լրատվական գործակալությունը։
«Նա պատմել է, որ դուրս է եկել քաղաք զբոսնելու, մտել է այդ տուն, որտեղ էլ տեղի է ունեցել կատարվածը։ Ձերբակալված անձը շարունակում է մնալ 102-րդ ռազմաբազայում»,- ասել է Պողոսյանը՝ ընդգծելով, որ հանցագործության բացահայտման միջոցառումները շարունակվում են և գործն իրավապահների խիստ հսկողության տակ է։
Նշենք, որ Վալերի Պերմյակովը հայտնաբերվել է հունվարի 13-ին 00։15-ի սահմաններում հայ-թուրքական սահմանը հատելու ու Թուրքիա անցնելու փորձի ժամանակ։ Զորամասից փախած զինծառայողին բռնել են Բայանդուր գյուղի ուղղությամբ ծառայություն իրականացնող սահմանապահները։
Ինչպես գրում է Արմենպրեսը, Պերմյոկովը եղել է քաղաքացիական հագուստով։ Զննության ընթացքում անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել, ունեցել է բջջային 3 հեռախոս, գրպանի էլեկտրական լապտեր, 6 հազար դրամ։
Ինչպես նշել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, հարուցվել է երկու քրեական գործ, առաջինը՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դասալիքության մեղադրանքով, և երկրորդը՝ ՀՀ իրավապահների կողմից՝ դաժան սպանության մեղադրանքով:
Դեպքից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին հատուկ խորհրդակցություն է հրավիրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:
Հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի հրամանատարությունը սերտորեն համագործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ և օժանդակում գործի քննությանը:
Pingback: Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին | Ռազմ.info