Այսօր՝ հունվարի 13-ին, Գյումրիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Բախինը Սեյրան Օհանյանին ներկայացրել է նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները: Նա տեղեկացրել է շարքային Վալերի Պերմյակովի ձեռբակալության, ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայում ընթացող ներքին ծառայողական քննության ընթացքի մասին և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ` հարուցված քրեական գործի շրջանակներում:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է շարունակել համադրված աշխատանքը երկու պետությունների պաշտպանական կառույցների միջև` հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործում իրավապահ մարմիններին աջակցելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել է 6 հոգանոց ընտանիք։ Սպանության մեջ կասկածվող, ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հունվարի 13-ին հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանը հատելու ու Թուրքիա անցնելու փորձի ժամանակ։ Զորամասից փախած զինծառայողին բռնել են Բայանդուր գյուղի ուղղությամբ ծառայություն իրականացնող սահմանապահները։
Վերջինս այսօր տվել է առաջին ցուցմունքն ու խոստովանել հանցանքը։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11-17 հունվարի, 2015 | Ռազմ.info