Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի և Իրաքի վարչապետները երկու երկրների Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդի 2-րդ նիստի ժամանակ քննարկել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև էներգետիկ հարցեր:Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի վարչապետ Ահբեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պետք է թույլ չտալ Սիրիա մտնել այն օտարերկրացիներին, որոնք պատրաստվում են միանալ տեղի ապստամբական ընդդմիադիր խմբավորումներին կամ «Իսլամական պետությանը»: Վարչապետը հայտարարել է, որ Իրաքը պատկանում է Իրաքի ժողովրդին, իսկ Սիրիան՝ սիրիացիներին:
Դավութօղլուն հայտարարել է նաև, որ նիստի ժամանակ կողմերը համաձայնության են եկել համատեղ պայքարել տարածաշրջանի բոլոր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում ԻՊ-ի և Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, որն ահաբեկչական է ճանաչվել նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, ու հավելել, որ Իրաքի և Թուրիայի պաշտպանության նախարները համաձայնության են եկել ավելի բազմակողմանի համագործակցել ԻՊ դեմ պայքարող ուժերին մարզելու հարցում:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին ևս ընդգծել է ԻՊ դեմ պայքարում Թուրքիայի հետ համագործակցության կարևորությունը և նշել, որ իրենք թուրքական կողմից աջակցություն են ակնկալում անվտանգության, հետախուզության, ռազմական և մարտիկների վերապատրաստման ծրագրի իրականացման հարցերում:
Վարչապետները նշել են նաև իրենց պատրաստականությունը համագործակցել էներգետիկ ոլորտում, ինչը հնարավորություն կտա Իրաքին իր նավթի բնական ռեսուրսները Թուրքիայով հասցնել համաշխարհային շուկա, իսկ Թուրքիան էլ ավելի կամրապնդի իր դիրքերը՝ որպես էներգետիկ տարանցիկ ուղի:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ թուրքական պետական նավթավերամշակման TÜPRAŞ գործարանը 520 հազար բարել նավթ է գնել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից, և չվերամշակված նավթը շարունակում է հոսել Իրաքից Թուրքիա՝ չնայած ԻՊ վտանգին:
Վարչապետ Դավութօղլուն նշել է, որ եթե այս համագործակցության սկզբում (2014թ մայիսի 22) Բաղդադը կոշտ արձագանքեց Թուրքիայի և իր տարածքի քրդերի համագործակցությանը, ապա վերջին շրջանում իրաք-քրդական հարաբերությունների մերձեցումը հնարավորություն կտա Իրաքի կենտրոնական իշխանությանը Քիրքուքի նավթամուղով օրական 300 հազար բարել նավթ արտահանել Թուրքիա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իրաքի Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդը ստղծվել է 2009թ: Թուրքիան նման խորհուրդներ է հիմնել նաև Ռուսաստանի, Հունաստանի, Ուկրաինայի, Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի, Քաթարի, Պակիստանի և Վրաստանի հետ:
Խորհուրդների նպատակը Թուրքիայի ու տվյալ երկրների ռազմավարական համագործակցությունն ավելի բարձր մակարդակում զարգացնելն է:
Pingback: Փետրվարին առաջին անգամ Թուրքիա կայցելի Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը | Ռազմ.info