ՀՀ ու ՌԴ ՊՆ մասնագետները պատրաստում են համատեղ ՀՕՊ համակարգի պայմանագիրը

«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին» պայմանագրի նախագծի քննարկման և վերջնական համաձայնեցման նպատակով` ՀՀ ՊՆ մասնագետների հետ դեկտեմբերի 9-ից 11-ը կաշխատի ՌԴ ՊՆ փորձագետների խումբը:

Ս-300ՊՍ, Երևան, 2011թ

Ս-300ՊՍ, Երևան, 2011թ

Սա նախատեսված է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ համագործակցության 2014թ պլանով, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նշենք, որ ՀՕՊ միասնական համակարգի նպատակը համատեղ ուժերով տարածաշրջանում հակաօդային պաշտպանության ապահովումն է: Նմանատիպ համակարգեր Ռուսաստանը ստեղծում է նաև Բելառուսի ու Ղազախստանի հետ, որոնց նաև անվճար տրամադրում է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր:

Մասնավորապես հոկտեմբերի վերջին Բելառուսը ստացել է կայաններից 4 դիվիզիոն, որոնք արդեն հաջորդ տարի նախատեսված է ընդգրկել մարտական հերթապահության մեջ:

2014-ի հունվարին էլ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը Ղազախստանին անվարձահատույց կփոխանցի 5 դիվիզիոն Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր։ Զինտեխնիկան Աստանային կտրամադրվի Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության պահեստներից։ Նշենք, որ  յուրաքանչյուր դիվիզիոնը բաղկացած է 8-ից 12 արձակման կայանից։ Իսկ 2 դիվիզիոնն արդեն համարվում է գունդ։

Ավելացնենք, որ դեռևս 1995-ի փետրվարին ԱՊՀ 9 պետությունների միջև կնքված պայմանագիր, որով ստեղծվել է ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը։ Ուկրաինան և Ուզբեկստանը հետագայում սկսել են Ռուսաստանի հետ համագործակցել միայն երկկողմ հիմունքներով։ Ներկայումս համակարգի մաս են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *