Թուրքիան պետք է վերջ տա իր սադրանքներին. Կիպրոսի նախագահի պաշտոնակատար Յաննիկիս Օմիրու

Հունաստանի փոխվարչապետը և Կիպրոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են, որ հետևողական են լինելու Կիպրոսի տնտեսական գոտուց Թուրքիայի ռազմանավերի դուրսբերման հարցում:

Թուրքական Barbaros հետազոտական նավը

Թուրքական Barbaros հետազոտական նավը

Այս մասին 2014-ի դեկտեմբերի 8-ին հաղորդում է ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիսի տարածած հայտարարությանը հեռախոսազրույցի մասին։

Հեռախոսազրույցի ընթացքում Հունաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսը և Կիպրոսի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի նախագահ Յաննիկիս Օմիրուն քննարկել են դեկտեմբերի 5-6-ի Թուրքիայի և Հունաստանի «Համագործակցության բարձրագույն խորհրդի» 3-րդ ժողովի շրջանակներում շոշափված հարցերը:

Հանդիպմանը Թուրքիան և Հունաստանը պայմանավորվածություն էին ձեռք բերել ընդլայնել համագործակցությունը՝ Միջերկրական ծովի արևելյան  շրջանի անվտանգության պահպանման, Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունների վերականգնման և էներգեիկ համագործակցության զարգացման  հարցերում:

Օմիրուն, վերահաստատելով պաշտոնական Նիկոսիայի դիրքորոշումը, նշել է, որ բանակցությունները կարող են վերականգնվել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան վերջ կդնի իր սադրանքներին, կհեռացնի նավերը Կիպրոսի սահմանից և կապացուցի, որ հարգում է Կիպրոսի ինքնիշխանությունը:

Հիշեցնենք, որ Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները 2014-ի հոկտեմբերի սկզբին ընդհատել էր Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը (նա այժմ սրտի վիրահատության պատճառով ժամանակավորապես վայր է դրել լիազորությունները) , քանի որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի էր ուղարկել «Բարբարոս» հետազոտական նավը՝ ռազմանավի ուղեկցությամբ նավթագազային հանքերում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Նշենք, որ հոկտեմբերին Դավութօղլուն քննադատել էր Կիպրոսի Հանրապետության կառավարության հայտարարությունն այն մասին, որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը չի կարող օգտվել կղզու բնական գազի պաշարներից։ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե Անկարան երբեք թույլ չի տա Կիպրոսի հույներին մենաշնորհ հաստատել կղզում։

One response to “Թուրքիան պետք է վերջ տա իր սադրանքներին. Կիպրոսի նախագահի պաշտոնակատար Յաննիկիս Օմիրու

  1. Pingback: Հունաստանը Իսրայելի ու Կիպրոսի հետ կարող է զորավարժություններ անցկացնել Միջերկրականում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *