Ադրբեջանի կառավարության ղեկավար Արթուր Ռասիզադեն պաշտպանության նախարարի, ՌՕՈւ հրամանատարի ու կառավարության անդամների ուղեցկությամբ դեկտեմբերի 9-ին այցելել է ռազմաօդային ուժերի զորամասերից մեկը, որտեղ ծանոթացել է իրականացված վերանորոգման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռասիզադեն եղել է զորամասի շտաբի շենքում, մարտական հերթապահության, հրամանատարական և դիտորդական կետերում, ինչպես նաև այցելել զինվորական ճաշարան, զորանոց և բաղնիք, որտեղ վերջերս են ավարտվել վերանորոգման աշխատանքները։
Հաղորդագրությունում նշվում է, որ այցի ընթացքում վարչապետը հանդիպել է նաև զորամասի անձնակազմին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։
Նկատենք, որ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն՝ չնայած զբաղեցրած պետական բարձր պաշտոնին, բավական հազվադեպ է մասնակցում երկրի քաղաքական կյանքի անցուդարձին և առավելևս՝ միջամտում ռազմական ոլորտին։ Դրանով, Ռասիզադեի այս այցը կարելի է դասել եզակիների շարքին։