Թուրքիայի ռազմաօդային ուժերի 5-րդ ավիաբազայի F-16C կործանիչն այսօր՝ դեկտեմբերի 1-ի կեսօրին, ուսումնական թռիչք իրականացնելիս ենթարկվել է վթարի, օդաչուն կարողացել է փրկվել ինքնանետման միջոցով։ Դեպքը գրանցվել է թուրքական Մերզիֆոն քաղաքի (կենտրոնական Թուրքիա, սև ծովից հարավ) մոտակայքում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն, դրանք պարզելու նպատակով տարվում է քննություն, որի շրջանակներում հարցաքննելու են նաև օդաչուին։
Հիշեցնենք, որ F-16-ի մասնակցությամբ արտակարգ նախորդ պատահարը Թուրքիայում գրանցվել էր 2014-ի սեպտեմբերի 2-ին։ Դիարբեքիր նահանգում վայրէջք կատարելիս կործանիչը վթարվել էր։ Դրա կին օդաչուն հասցրել էր ինքնանետվել։
Նշենք, որ ամերիկյան F-16 բազմանպատակային կործանիչենրը թուրքական օդուժի գլխավոր միջոցներից մեկն են։ Դրանք շահագործվում են աշխարհի ավելի քան 25 երկրներում։ Անձնակազմի 1 անդամ ունեցող F-16-ը կարող է զարգացնել մինչև 2 120 կմ/ժ առավելագույն արագություն, մեկ լիցքավորմամբ անցնել 4 220 կմ հեռավորություն։ Թռիչքի առաստաղը 15 240 մետր է։
Սպառազինությունում այն ունի ավիացիոն 1 հրանոթ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի, ինչպես նաև հականավային հրթիռներ։ Ինքնաթիռը կարող է համալրվել տարբեր տեսակի՝ այդ թվում նաև միջուկային ռումբերով։