ԻՊ խմբավորման դիրքերին մեծամասշտաբ օդային հարվածներ են հասցրել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան նոյեմբերի 29-ին 24 ժամվա ընթացքում ավելի քան 30 օդային հարված է հասցրել ԻՊ ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքքայում  և Քոբանիում գտնվող ԻՊ զինյալների դիրքերին, ինչի արդյունքում սպանվել է շուրջ 50 ծայրահեղական:

Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրրիյեթ դեյլի նյուզ» լրատվականը:

Քոբանիի մարտերը՝ լուսանկարված թուրքական կողմից

Քոբանիի մարտերը՝ լուսանկարված թուրքական կողմից

Syrian Observatory for Human Rights բրիտանական իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ սպանվածներից 5-ը մահապարտներ են, որոնցից 2-ը մասնակցել են Թուրքիայի հետ սահմանակից Քոբանիի վրա հարձակումներին:

Եվս 11-ը զոհվել են Քոբանին պաշտպանող քրդական փեշմերգեի հետ մարտերի ժամանակ, որոնք ծավալվել են օդային հարվածներից հետո: Մյուս զոհերի մասին մանրամասները բացակայում են:

Համաձայն նույն կազմակերպության հաղորդած տվյալների՝ այդ բախումների ժամանակ զոհվել է նաև 11 քուրդ:

Քրդական Rudaw լրատվականը վերջին գործողությունների առիթով հաղորդում է, որ Թուրքիայի վրա ԻՊ հարձակումները  կանխելու պատրվակով նոյեմբերի 29-ին Քոբանիի ռմբակոծմանը մասնակցել են նաև թուրքական տանկեր և հրետանի, որոնց պատճառով մեծապես տուժել է տեղի քրդական խաղաղ բնակչությունը:

Հիշեցնենք՝  առաջին անգամը չէ, որ Թուրքիային մեղադրում են ԻՊ նկատմամբ ոչ միանշանակ քաղաքականաություն վարելու  և ժամանակ առ ժամանակ աջակցելու համար, սակայն թուրքական կողմը շարունակում է հերքել բոլոր մեղադրանքները:

Նշենք, որ ԻՊ զինյալները Քոբանիի ողջ վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու համար պայքարում են դեռևս սեպտեմբերից: Այս պահին Քոբանին բաժանված է քրդական և ԻՊ վերահսկողության գոտիների, մարտերը շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *