Նոյեմբերի 25-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության հակահետախուզության բաժինը գրեթե ամբողջությամբ գաղտնազերծել է ՊՆ և ԶՈւ ԳՇ ձերբակալված աշխատակիցների՝ 2,3 մլն ամերիկյան դոլարի յուրացման մեղադրանքով գործի նյութերը։
Այս մասին հայտնում է վրաստանյան Грузия online լրատվակայքը։
«Հակահետախուզության բաժինը, հիմնվելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքին, գաղտնազերծել է այդ փաստաղթերը, միայն գաղտնի է մնացել ընդհանուր առմամբ 7% տեղեկատվություն, որը կապված է ռազմական անվտանգության հետ»,- հայտարարել է դատախազ Կոկա Կացիտաձեն։
Հավելենք, որ վրաստանյան լրատվամիջոցներում դեռևս որևէ տեղեկություն չկա գաղտնազերծված նյութերի բովանդակության մասին։
Նշենք, որ նոյեմբերի 18-ին Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ մինչ այժմ ձերբակալված անձանց փաստաբանները չեն կարողանում ստանալ քրեական գործի նյութերը։
Իր հերթին գլխավոր դատախազի տեղակալ Իրակլի Շոթաձեն «Պալիտրա» հեռուստաալիքի եթերում ներկայացրել էր, որ փաստաբանները գաղտնի նյութերի ձեռքբերման համար Փաստաբանների բյուրոյի անունից կարող են դիմել ներքին գործերի նախարարության հակահետախուզության բաժնին։
Փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ որպես անհատ անձինք չեն կարող դիմել հակահետախուզության բաժնին։
Հոկտեմբերի 28-ին Վրաստանի ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի հինգ աշխատակից ձերբակալվել են մոտ 2,3 մլն ԱՄՆ դոլար յուրացնելու մեղադրանքով: Հոկտեմբերի 30-ին դատարանի դռնփակ նիստում որոշվել է խափանման միջոց ընտրել կալանքը։ Ձերբակալությունները կապված են ՊՆ գաղտնի գնումների հետ:
Դատախազության տվյալներով ձերբակալվել են ՊՆ պետական գնումների հանձնաժողովի նախկին նախագահ Գիզո Գլոնտին, նույն հանձնաժողովի գլխավոր մասնագետ Արչիլ Ալավիձեն, ինչպես նաև ՊՆ պետական գնումների վարչության պետ Գեորգի Լոբժանիձեն։ ԳՇ համակարգից ձերբակալվել են ԳՇ տեղեկատվական համակարգերի և կապի հանձնաժողովի նախագահ Նուգզար Կաիշաուրին, ԳՇ տեղեկատվական համակարգերի և կապի ծառայության պետ Դավիդ Ցիպուրիան։
Ըստ դատախազության՝ այս պաշտոնատար անձինք ամեն ինչ արել են, որ գաղտնի գնումներում մյուս ընկերությունները սխալ տեղեկություն ստանան և հաղթող ճանաչվի վրաստանյան Silknet ընկերությունը, ինչի շնորհիվ ՊՆ-ն 2013թ. դեկտեմբերի 26-ին Silknet-ի հետ օպտիկամանրաթելային մալուխների գնման, ցանցային սարքավորումների տեղադրման և երաշխիքային սպասարկման պայմանագիր է կնքել։
Պայմանագրի համաձայն՝ պաշտպանության նախարարությունն այդ ընկերությանը պիտի վճարեր 3,84 մլն ԱՄՆ դոլար։ Իսկ 2015թ. հունվարի 16-ին պաշտպանական գերատեսչությունը պիտի ստանար ընկերությունից պատվիրված ապրանքները, որոնց իրական գինն, ըստ դատախազության փորձագետների, կազմում է 1,49 մլն ամերիկյան դոլար։
Միջադեպի առնչությամբ Վրաստանի վարչապետն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, արտգործնախարարն ու եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցերով նախարարներն էլ հրաժարական են տվել։