Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը նոյեմբերի 13-ին ելույթ ունենալով մեջլիսում՝ 2015-ի պաշտպանական բյուջեի քննարկումների ժամանակ, խոսելով տարածաշրջանային զարգացումների և սպառնալիքների մասին, անդրադարձել է նաև օրերս Արցախում հայկական օդուժի խոցված Մի-24 ուղղաթիռի միջադեպին։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Իսմեթ Յըլմազը մասնավորապես նշել է՝ «նախօրեին Ադրբեջանը խոցել է հայկական ուղղաթիռը, որին հաջորդել է հայկական կողմի պաշտոնյաների հայտարարությունն այն մասին, որ այս քայլին տրվելու է հակահարված։ Հավատացեք, հնարավոր չէ կանխատեսել, թե վաղն ինչ կլինի այս տարածաշրջանում»։
Ելույթի ընթացքում թուրք նախարարը կարծիք է հայտնել, որ ինչպես Արցախյան, այնպես էլ այլ հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող երկրները պետք է լինեն զգոն։
Նշենք, որ իր ելույթում Իսմեթ Յըլմազն անդրադարձել է նաև Ուկրաինայում, Սիրիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ընթացող հակամարտություններին՝ այդ կերպ կարևորելով թուրքական բանակի դերը երկրի անվտանգության ապահովման գործում և դրանով իսկ, հավանաբար, փորձելով գալիք տարվա պետական բյուջեից հնարավորինս մեծ չափաբաժին ստանալ պաշտպանական ոլորտի ծախսերի համար։
Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 21-ին Արցախում ընթացող ուսումնավարժական թռիչքներից մեկի ժամանակ ադրբեջանական զինանձնակազմը խոցեց հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Ավելի ուշ, խոսելով միջադեպի մասին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ադրբեջանցիների լկտի պահվածքին համարժեք կամ մի քիչ էլ անհամաչափ պատասխան անկասկած տրվելու է։