Թուրքական ռազմական արդյունաբերության խոշորագույն ընկերություններից մեկի՝ Aselsan-ի կառավարման խորհրդի նախագահ Հասան Ջանփոլադը ադրբեջանական լրատվամիջոցներին հաղորդել է որոշ մանրամասներ՝ այդ երկրի հետ ռազմական համագործակցության հնարավոր խորացման հեռանկարների վերաբերյալ։ Այս մասին նոյեմբերի 11-ին հայտնել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Ջանփոլադի խոսքերով, ներկայումս ընկերությունն աշխատանքներ է տանում Ադրբեջանի ինչպես զինված ուժերի, այնպես էլ պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ։ Վերջինիս հետ նախատեսվում է գերատեսչությանը ենթակա Alov գործարանում հիմնել ռազմական նշանակության մի շարք սարքավորումների արտադրություն, որոնց թվում ջերմացույցային նշանոցներ և TASMUS (Tactical Area Communcations System) անվանումը ստացած ռադիոկապի տարբեր միջոցներ։
Վերջիններս զինված ուժերի ստորաբաժանումներին կարող են ապահովել պաշտպանված թվային կապով՝ ինչպես կարճալիք, այնպես էլ գերկարճալիք ռադիոտիրույթներում (համապատասխանաբար մեծ և միջին հեռավորություններում ռադիոկապ ապահովելու համար)։
Ջանփոլադն իր խոսքում նշել է նաև, որ Aselsan ընկերությունն Ադրբեջանը դիտարկում է որպես եղբայրական պետություն և որևէ խնդիր չի տեսնում արտադրական տեխնոլոգիաներն այդ երկրին փոխանցելու հարցում։ Նա չի բացառել նաև, որ ընկերությունն անմիջական ներդրումներ անի Ադրբեջանում՝ ռազմարդյունաբերության ոլորտում:
Նշենք, որ ըստ ադրբեջանական կողմի հաղորդած տվյալների, այդ երկրի բանակում ներկայումս արդեն իսկ օգտագործվում են Aselsan-ի օպտիկաէլեկտրոնային համակարգեր, կապի միջոցներ և ռադարներ։
Հավելենք նաև, որ Ադրեբջանի՝ ռազմարդյունաբերական ոլորտի պլանները դիտարկելիս, պետք է հաշվի առնել, որ դրանք շատ հաճախ կյանքի են կոչվում նախանշված ժամկետից շատ ավելի ուշ (որոշ դեպքերում նույնիսկ մի քանի տարի) և հայտարարված ծավալից մի քանի անգամ ավելի քիչ։
Այս թեմայով կարող եք կարդալ՝ Ադրբեջանում «կալաշնիկովների» գործարանը 4 տարի միայն քարոզչություն է «արտադրել»։