Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին այցելել է հայկական զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ մարտավարական զորավարժությունների միասնական ղեկավարման կետ, հետևել զորավարժությունների ընթացքին, համապատասխան ցուցումներ տվել։
Նա այցելել է նաև զորավարժություններին մասնակցող մի շարք միավորումների տեղակայման վայրեր, ընդգծել է նման լայնածավալ զորավարժությունների կարևորությունը հայկական զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման և տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման տեսանկյուններից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին մեկնարկել են Հայաստանի (ներառյալ Արցախի) զինված ուժերի օպերատիվ մարտավարական լայնամասշտաբ զորավարժությունները։
«Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված է ՀՀ զինված ուժերի ավելի քան 17 000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1 200 ավտոմեքենա։
Պաշտպանության բանակի կազմից զորավարժությանը մասնակցում է ավելի քան 30000 զինծառայող (այդ թվում նաև զորահավաքային ռեսուրսից), 1550 միավոր հրետանային միջոց, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, 1300 միավոր հակատանկային միջոց, 160 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 3000 ավտոմեքենա:
Հավելենք նաև, որ հայկական զինված ուժերի խոշորամասշտաբ զորավարժություններին արձագանքել է նաև Ադրբեջանի ՊՆ-ն՝ նշելով, որ անթույլատրելի է համարում «իրեն պատկանող գրավյալ տարածքներում» նման վարժանքների անցկացումն ու հայտարարում, որ տարածաշրջանում գալիք հնարավոր զարգացումների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է պաշտոնական Երևանի ուսերին։