ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիան Սիրիայից ցանկացած հարձակման դեպքում. Ստոլտենբերգ

Հոկտեմբերի 6-ին թուրքական սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող սիրիական Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումն իր դրոշն էր բարձրացրել, ինչից հետո ՆԱՏՕ նորանշանակ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը կպաշտպանի իր անդամին, եթե Սիրիայի հետ սահմանին մարտերի հետևանքով վերջինիս ուղղությամբ հարձակում ձեռնարկվի։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

Ինչպես հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Լեհաստան կատարած այցի ընթացքում շեշտել է. «ՆԱՏՕ-ի հիմնական պատասխանատվությունը դաշնակից բոլոր երկրների պաշտպանությունն է։ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, և մեր հիմնական պատասխանատվությունն է պաշտպանել վերջինիս տարածքային ամբողջականությունը և սահմանները։ Եվ հենց այդ պատճառով էլ մենք Թուրքիայի տարածքում Patriot համակարգեր ենք տեղադրել»։ Հեռուստաընկերության աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ անդամ, Վաշինգթոնյան պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ ստանալու է ՆԱՏՕ-ի աջակցությունը, եթե ինքը դիմի։

Նշենք, որ ներկա դրությամբ Թուրքիայում տեղակայված է Patriot զենիթահրթիռային համալիրների 6 մարտկոց։ Երկուական մարտկոց  ՆԱՏՕ-ի որոշմամբ Թուրքիային են տրամադրել Նիդեռլանդները, Գերմանիան և ԱՄՆ-ն։ Անկարան ՆԱՏՕ-ին դիմել էր 2011-ի վերջին ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով՝ Սիրիայից հնարավոր վտանգին դիմակայելու համար։ Patriot-ները Թուրքիայում էին տեղակայվել 2013 թ. հունվար և փետրվար ամիսներին 1 տարի ժամկետով։ 2013թ. վերջին, երբ լրանում էր դրանց տեղակայման ժամկետը, Թուրքիան կրկին դիմել էր ՆԱՏՕ-ին՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու խնդրանքով՝ պատճառաբանելով, որ սպառնալիքը դեռևս առկա է։

Հավելենք նաև, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի օդային հարվածները չեն կարողացել կասեցնել իսլամիստների առաջխաղացումը, որոնք ավելի վաղ շրջափակել էին քրդաբնակ Քոբանին երեք կողմից ու մինչ օրս հրետակոծում են քրդերի դիրքերը։ Նրանց հաջողվել էր հոկտեմբերի 6-ին քաղաքի արևելյան հատվածի շինություններից մեկի վրա բարձրացնել իրենց դրոշը։

Թուրքիայի կառավարությունն իր հերթին սկսել է ամրացնել Քոբանիի հետ սահմանային հատվածը։ Քոբանիին սահմանակից թուրքական Շանլըրֆա քաղաքի գործադիր իշխանության որոշմամբ՝ այդ հատվածում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարները հեռացվել են՝ հարկ եղած դեպքում սպառազինություն և կենդանի ուժ կուտակելու համար։ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը մեկնել է Շանլըրֆա՝ հավանական պաշտպանական գործողությունները համակարգելու նպատակով։ Թուրքական զինուժը սահմանին արդեն մոտեցրել է  զրահատեխնիկա։

Թուրքական տանկերը Քոբանիին հարակից թուրքական տարածքում

Թուրքական տանկերը Քոբանիին հարակից թուրքական տարածքում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *