Իլհամ Ալիևի ռազմատենչ և հայատյաց հայտարարությունները համապատասխան արձագանքի չեն արժանանում ՀԱՊԿ գծով գործընկերների կողմից, ինչը, կարող էր զսպել ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր նկրտումները:
Այս մասին հոկտեմբերի 6-ին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպմանը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցն այս անգամ կրում է նպատակային բնույթ և կապված է, մասնավորապես, օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին և հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ:
Սերժ Սարգսյանը հավելել է նաև, որ ՀԱՊԿ գծով մի շարք գործընկերների դիրքորոշումը դաշնակիցների համար լուրջ կարևորություն ունեցող հարցերում և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չի համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին և առաջարկություններին, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում ընդունված փաստաթղթերին:
Սերժ Սարգսյանը փաստել է, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն ամեն կերպ սպառնալիքի տակ են դնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ձևավորված անվտանգության փխրուն համակարգը: Որպես արդյունք, Ադրբեջանը շարունակում է հրահրել իրավիճակի լարումը և ձեռնարկում է սադրիչ գործողություններ` կոպտորեն խախտելով հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությունը և միջազգային հումանիտար իրավունքի կանոնները: Դրա վառ վկայությունը ադրբեջանական կողմին գերի ընկած Կարեն Պետրոսյանի սպանությունն էր:
Նիկոլայ Բորդյուժան իր հերթին նշել է, որ ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստման շրջանակներում ինքն այսօր զբաղվում է անվտանգության տեսանկյունից ՀԱՊԿ անդամ պետությունների առջև ծառացած առավել սուր խնդիրների ուսումնասիրմամբ, որոնք, նրա խոսքով, մի քանիսն են, այդ թվում՝ ամռանը հիշյալ լարվածության շիկացման հետ կապված իրավիճակը:
Բորդյուժան, հիշատակելով այդ իրադարձությունների հետ կապված ՀԱՊԿ խորհրդի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի անցկացրած հանդիպումները, նշել է, որ ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստում անհրաժեշտ է զեկուցել և քննարկել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են լրջորեն ազդել Կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հոկտեմբերի 5-11 | Ռազմ.info